Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ, մեր երկրին, մեր հասարակությանը, մեր գիտական հանրությանը գիտություն պետք չի՞:

Պարոն Գոգյանի ջանքերը գրագողության, կոմպիլյացիայի վրա կառուցված և որպես «գիտական արտադրանք» ներկայացվող/ներկայացված «աշխատանքները» կանխարգելելու ուղղությամբ, ցավոք, ձախողվեցին: Ինձ այնպես է թվում, որ սրանով առաջինը պիտի մտահոգվեն գիտական և բուհական օղակները, Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ գիտության կոմիտեն: Բայց այդ օղարկների քար լռությունը միայն հաստատում է, որ «մենք»՝ այսինքն այդ օղակների աշխատակիցներս, հաստատում ենք, որ խրախուսում ենք ոչ միայն մտավոր սեփականության կողոպուտի իրավունքը, այլև երկրորդում ենք իրական գիտական վերլուծական աշխատանքի կարևորությունը: Սրանով մենք համաձայվում ենք, որ մեր հայրենիքում գիտական գործը, առհասարակ գիտությունը որևէ արժեք չունեցող ֆասադային երևույթ է: Այսինքն՝ որևէ հեղինակություն չունեցող պերճանքի առարկա: Գուցե պարոն Գոգյանը շտապել է իր հրաժարականով, գուցե նա վարչարարների կողմից խնդիրը լռեցնելուց հետո կամ նույնիսկ ընթացքում պիտի խնդիրը քննարկեր նաև այսպես կոչված «աշխատավորական կոլեկտիվներում», այսինքն՝ գիտական արտադրանք տվող և դրա կարևորությունը հասկացող մարդկանց հետ, գուցե պիտի առաջանար գիտությունը և գիտական գործունեությունը պաշտպանող շարժում... Բայց հրաժարականի փաստն առկա է, գիտական հանրության կողմից արձագանք չկա, շարժում չկա, և ուրեմն՝ հաղթելու է պասիվ վարչարարությունը և ակտիվ գրագողությունը: Շուտ չե՞նք հանձնվում»: