«Դավ, քո աշխատողներն ի՞նչ լիազորություններով են տենդերի բնութագիրը փոխել… ես չեմ իմացել, որ ձերոնք փոխել են, այլապես չէի թույլատրի, որ դա տեղի ունենա: Այսուհետեւ հենց տենց է լինելու մեր ենթակայության կամ առողջապահական որեւէ հիմնարկում, եթե փորձ արվի միջամտել դրա ներքին գործերին»,-2019թ.-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «ֆեյսբուքով» այսպիսի նամակ է հղել ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դեռ չկասեցված պետ Դավիթ Սանասարյանին:

Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով հերթական դատական նիստում այսօր հրապարակվում են գործում առկա ապացույցները: Հիշեցնենք, որ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Գործով մյուս մեղադրյալ, Սանասարյանի նախկին ենթակա Սամվել Ադյանն էլ, ըստ մեղադրական եզրակացության, Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Նամակագրությունում Արսեն Թորոսյանը նկատի է ունեցել հեմոդիալիզի սարքերի գնման չափանիշների փոփոխությունը:

Դավիթ Սանասարյանը պատասխան նամակում գրել է. «Արս, հեմոդիալիզի ոլորտը մինչեւ հիմա եղել է մոնոպոլիզացված, ու ոչ մեկ չի կարողացել մուտք գործել:

Մեր կողմից հունվարին նախարարություն աշխատակազմի ղեկավարին ուղարկվեց հեմոդիալիզի շուկայի վերլուծության արդյունքների գրությունը:

Առ այսօր արձագանք չի եղել: Մեր կողմից ընդամենը առաջադրվել է, որ տեխնիկական բնութագրերը կազմելիս հաշվի առնվի նախնական տիպային բնութագիրը, որը ոչ խտրական է եւ մրցակցություն ապահովող: Մեր վերլուծության արդյունքներով՝ շուտով երկու ընկերության վերաբերյալ նյութեր ուղարկվելու են դատախազություն: Նախնական հաշվարկներով՝ չարաշահումները գերազանցել են մեկ միլիոն դոլարը:

Հիմա էլ մրցույթները խտրական են կազմակերպվում, օրինակ՝ «Վանաձոր» ԲԿ-ի նոր հայտարարած մրցույթը»: Ապա Սանասարյանը նախարարին առաջարկել է հանդիպել եւ գործի մանրամասներին ծանոթանալ. «Սա առաջին խտրական մրցույթը չէ, եւ հետո պայմաններ են ստեղծվելու՝ գումարներ տնտեսելու համա:

Ինձ հետաքրքրում էր, թե նախարարությունն ի՞նչ է ձեռնարկել՝ սա պարզելու համար: Մի օրինակ էլ բերեմ: Դիալիզի պարագաները վաճառվում են մաքսային արժեքից մինչեւ 3,8 անգամ թանկ գներով: Դու իմ ընկերն ես, բայց չեմ կարող պարտականություններս չանել:

Եթե խոչընդոտ եղավ, իրավական ընթացքը տալու ենք»: 

Գործով մեղադրող դատախազը նամակագրության վերաբերյալ հետեւյալ արձանագրությունն արեց. «Ըստ էության, Արսեն Թորոսյանը նշում է, որ ձեր աշխատողները միտումնավոր են տենդերների տեխնիկական բնութագրերը փոխում, որպեսզի հետո իրենց ֆիրմաները հաղթեն տենդերները: Դա էլ նկարագրված է մեղադրանքներում»: Արսեն Թորոսյանը պատասխանել է. «Դավ, ընկեր լինելը կապ չունի, երբ հիվանդի կյանքի հետ գործ ունես:

Ինձ համար մի քանի միլիոն դոլարն էական չի, մարդու կյանքն է հարցը: Էական չէ նաեւ այդ գնումների ախմախ օրենքը… «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը նախկինում չի զբաղվել էս բիզնեսով, տենդեր կրի… «Զորաշեն»-ն ամենայն հավանականությամբ կընկնի սեւ ցուցակ, եթե անորակ ապրանք բերի: Հաջորդը՝ իմ նախարարությունն այնքան բան է անում դիալիզի շուկայում, որ ոչ մեկ մինչեւ օրս չի արել՝ սկսած տրանսպլանտալոգիայի զարգացումից, որպեսզի մարդկանց երիկամները «փոխենք», որ դիալիզի կարիք չունենան, վերջացրած Երեւանում եւ մարզերում դիալիզի նոր կենտրոնների բացմամբ, որպեսզի պահանջարկը բավարարենք: Բայց ոչ երբեք որակի հաշվին»: Դավիթ Սանասարյանը պատասխանել է. «Արս ջան, չգիտեմ, թե «Զորաշենն» ինչ կազմակերպություն է, բայց ինձ չի հետաքրքրում, քո գործն էլ ես տեսնում եմ ու ամեն հնարավոր առիթով քո արածներից եմ խոսում:

Ինչ վերաբերում է կյանքերին, ապա ապացուցված չի ասածդ, որ որակի խնդիր կա: Իրականում երկու կլանի մենաշնորհ կա: Մեկը «Դոն Պիպո»-ն է, մյուսն էլ Սամվել Ալեքսանյանը: Օրինականությունն, ամեն դեպքում, պետք է պահվի, ցավդ տանեմ»: Արսեն Թորոսյանը պատասխանում է. «Այդ երկու կլանները աշխարհի լավագույն երկու ապրանքն են բերում՝ 50-100 հազար դոլարանոց սարքերը նվեր տալով»:

Դավիթ Սանասարյանը պատասխանում է. «Բայց էն մյուսն էլ աշխարհում տասը տոկոսի ծածկ ունի, նենց չի, որ վատն ա… բեր նստենք խոսանք իրար հետ…»:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս գործով վկաների թվում է: Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը, նկատի ունենալով այս նամակագրությունը, համոզմունք հայտնեց, որ Սանասարյանը պետական շահով է ղեկավարվել եւ դրա հիման վրա իր փաստարկները կառուցել. «Իսկ երբ Արսեն Թորոսյանը տալիս է «Զորաշեն»-ի անունը, Սանասարյանը հստակ պատասխանում է՝ չգիտի, թե դա ինչ կազմակերպություն է»: Հավելենք, որ գործում առկա փաստաթղթերից մեկի համաձայն, որը եւս ընթերցվեց այսօրվա նիստում, Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված Դավիթ Ադյանը գրությամբ դիմել է ԱԱԾ համապատասխան դեպարտամենտի քննիչին եւ խնդրել կրկին իրեն ընդունել առանձնազրույցի՝ առանց իր պաշտպանի ներկայության: Մեկ այլ գրությամբ, նույն Ադյանը պատրաստակամություն է հայտնում ներկայացնելու Սանասարյանի առնչությունն այս գործին. «Ցանկանում եմ ինձ առաջադրված մեղադրանքի շուրջ տալ խոստովանական ցուցմունք եւ անկեղծորեն ներկայացնել ՊՎԾ ղեկավարի մասնակցությունը մեղադրանքում նշված դեպքերին»: