Շիրակի մարզում այսօր՝ մայիսի 19-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետեւանքով մահացած կանայք հարս ու սկեսուր են։ Լուսաղբյուրի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը ասաց որ ընտանիքի մյուս բոլոր անդամները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։

«Տատիկի որդին էլ, երեք տղա թոռներն էլ Ռուսաստանի Դաշնությունում են։ Մեկը մի քանի ամիս առաջ է գնացել, մյուսները՝ սեզոնային աշխատանքի»,- նշեց գյուղապետը։

Հրդեհի հստակ պատճառը, գյուղապետի խոսքով, դեռ պարզ չէ․«Ամենայն հավանականությամբ, վառարանից է եղել, որովետեւ մինչեւ այս վերջին օրը հարեւանները պատմում են, որ տեսել են՝ ծուխ է դուր գալիս։ Բացի այդ՝ թոռը երկու ամիս առաջ է հոսանքալարերը փոխել, քիչ է հնարավոր, որ էլեկտրականությունից լինի»։

Փայտյա, հին շինություն լինելու պատճառով տունը այրվել է շատ արագ, մինչեւ հարեւանները նկատել են եւ հասել օգնության, այն փլվել է։

«Տատիկի ձայնը լսվում էր, օգնություն էր խնդրում։ Մինչեւ ճաղավանդակները պատուհանների պոկեցինք, առաստաղը փլվեց, ձայնը կտրվեց։ Հարսը, հավանաբար, ծխահարվել է տեղում, քանի որ միայն առավոտյան երկար փնտրելուց հետո իր մարմինը գտանք անկողնում։ Իսկ տատիկն անգամ սենյակն էր փոխել, կրակի հակառակ կողն էր տեղափոխվել, օգնություն էր խնդրել»,- պատմեց գյուղապետը։

Քամու առկայության պատճառով կրակը փոխանցվել է հերեւանի տներին, որոնցից մեկի տանիքն է այրվել եւ պատուհանից են կարողացել տնից դուրս բերել տան անդամներին, մյուսինը՝ պատուհանը։

Գյուղապետը նշեց, որ ընտանիքի անդամները ՌԴ-ից Հայաստան վերադառնալու խնդիր ունեն, թոռներից մեկը այսօր կվերադառնա, մյուսներն առայժմ չեն կարողանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ-ում մայիսի 19-ին՝ ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, վնասվել են թիվ 10 տան պատուհանը և 1-ին փողոցի թիվ 33 տան երեք պատուհան։