Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց, որ վաղվանից հյուրանոցներում և հիվանդանոցներում կորոնավիրուսի ախտորոշմամբ գտնվող թեթև կամ սիմպտոմներ չունեցող քաղաքացիները կուղարկվեն տուն։ Թե ինչ հետևանքներ կունենա այդ որոշումը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանից:

«Արդեն իսկ, վարակի դեմն առնելն անհնար է, և ով պետք է վարակվի՝ կվարակվի, այլ տարբերակ չկա: Մեկուսացման և ինքնամեկուսացման առումով, պետք է ասեմ, որ դա հստակ ուղղորդում է, որ մարդն իր ընտանիքի անդամներին վարակի: Պատկերացրեք, եթե այլ ժամանակ հիվանդին տեղափոխում են հիվանդանոց և նա մյուսներին չի վարակում, գոնե ընտանիքի անդամներին ու հարազատներին, հիմա արդեն դա անխուսափելի է դառնում»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ 14 օր վարակակրի հետ նույն հարկի տակ ապրել՝ նշանակում է անվերապահորեն վարակվել:

«Այն մարդիկ, ովքեր ապրում են իրենց տարեց ծնողների, տատիկների, պապիկների հետ, ավելի բարդ վիճակում կհայտնվեն, քանի որ նրանք կվարակեն իրենց տարեց հարազատներին ու ամբողջ կյանքում իրենց չեն ների անդառնալի կորստի համար»,-նշեց Գրիգորյանը:

Նա նշեց, որ որոշումից հետո հիվանդների թիվը, բնականաբար, կավելանա. «Նրանք հասկանում են, որ չեն կարողանա այդ հիվանդների սպասարկումը, բուժումը իրականացնել, քանի որ այդքան տեղ չունեն, հետևաբար այսպիսի տակտիկա են իրականացնում՝ փորձելով հերթական անգամ պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա: Իսկ, որ ժողովուրդը մարտին ասում էր քարոզարշավը դադարեցրեք, կառանտին հայտարարեք, նրանք՝ ամենախելացի կեցվածքն ընդունած, ասում էին՝ մենք ենք ղեկավարում, մենք կորոշենք: Իսկ հիմա ղեկավարում են, թող պատասխանատվությունն էլ վերցնեն»: