ԱԱԾ քննչական դեպարտամենտի նոր պետ Արթուր Պողոսյանը ակտիվորեն սկսել է պայքարել քրեական ենթամշակույթի դեմ, գողերի հետ համագործակցության հանցավոր սխեմաներ «բացահայտել»: Եւ սա հրապարակվում է նրա նշանակման մասին պաշտոնապես հայտնելու հաջորդ օրը: Եւ այսպես, մայիսի 20-ին քրեական ենթամշակույթի հարող 10 անձանց են բերման ենթարկվել քննչական դեպարտամենտ:

Կասկածում են, որ նրանք քրեական ենթամշակույթ կրող խումբ են ստեղծել, կամ մասնակցել են դրան: Բռնվածների թվում են օրենքով գող Արսեն Երևանսկին՝ Արսեն Մկրտչյանը և քրեական հեղինակություն հանդիսացող «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:


Հիշեցնենք, որ Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկի) ՌԴ քաղաքացի է, 42 տարեկան:

Համացանցում տարածված է սկանդալային տեսանյութ այն մասին, թե ինչպես է Արսեն Երևանսկին Օռլովի մարզի Լիվնա քաղաքի բանտում Զատիկի կապակցությամբ դատապարտյալների համար խնջույք կազմակերպել։ Այս տեսանյութից հետո ՌԴ դատախազությունը բանտերում ստուգումներ էր իրականացրել:

Արսեն Մկրտչյանը 2018 թվականին վաղաժամկետ ազատվել և դուրս էր եկել կալանավայրից, բայց ՌԴ-ում և ՀՀ-ում օրենքով գողերի նկատմամբ օրենսդրական խստացումներից հետո սպասվում էր, որ նրան կրկին կկալանավորեն, քանի որ նա ի ցույց էր դնում աշխարհին իր օրենքով գող լինելու հանգամանքը:

Պաշտոնական երկարաշունչ և «ջրառատ» հաղորդագրությունից մի բան է պարզ՝ որ քրեական գործը հարուցված է եղել մարտի 13-ին և որ ինչ-ինչ տվյալներ կան, թե ինչ-որ անձինք դիմել են գողին՝ «նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու» նպատակով: Ինչպես հայտնի է, գողերին դիմում են հիմնականում նրանք, ովքեր հույս չունեն օրինական ճանապարհով ստանալ իրենց հասանելիքը: ԱԱԾ-ն հաղորդում է, որ բերման ենթարկվածների բնակարաններում և ավտոմեքենաներում կատարվել են խուզարկություններ, գումարներ ու թմրամիջոց են առգրավվել: