Կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրում իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։ Սա արդեն անհերքելի փաստ է, իրողություն։ Ու մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական «լայվի» ընթացքում կորոնավիրուսի նոր բռնկման մասին է ահազանգում, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հիվանդների սորտավորման մասին է խոսում, վարակակիրների թիվը կտրուկ աճում է մեր երկրում։ Միայն երեկվա տվյալներով, կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն աճել է 452-ով, ընդհանուր հաստատված դեպքերն անցել են 7 հազարից։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ օր-օրի աճում են նաեւ կորոնավիրուսով պայմանավորված՝ պետությանը տրվող ֆինանսական օգնությունները, եւ թվում էր, թե պետությունն այս վտանգավոր իրավիճակում պետք է ավելի խրախուսեր բուժաշխատողներին, գնահատեր նրանց աշխատանքը՝ ոչ միայն տեսահոլովակներ նկարահանելով։ Բայց այս չհուսադրող պատկերի ֆոնին ամենախոցելի խավը շարունակում են մնալ բուժաշխատողները։ Ինչո՞ւ․ որովհետեւ պետությունը ոչ միայն չի կարողանում ապահովել հիվանդանոցներում տարրական աշխատանքային պայմաններ, այլեւ հունիսի 1-ից բոլոր բուժաշխատողներին ուղարկում է տուն՝ առանց թեստավորելու եւ 14 օր մեկուսացնելու։


«Հրապարակի» խմբագրություն ահազանգեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մի քանի բուժաշխատակիցներ, ովքեր պատմեցին, որ բուժանձնակազմն անելանելի վիճակում է, քանի որ իրենց ասվել է՝ հունիսի 1-ից պետք է գնան տուն եւ տնից գան աշխատանքի, իսկ մեկուսացման մասին խոսք չկա, որովհետեւ հյուրանոցների հետ պետության պայմանագրերն ավարտվել են, ուստի 14-օրյա մեկուսացումն էլ պետք է անցկացնեն տանը՝ ուղղակիորեն վտանգելով նաեւ տան անդամների առողջությունը։ Այս որոշումն առաջին հերթին հարվածել է ֆինանսապես խոցելի խավին, որոնք, օրինակ, չունեն ամառանոց կամ մեծ տուն, որտեղ կարող են մեկուսանալ։ Այս հանգամանքը դժգոհությունների ալիք է բարձրացրել․ բուժանձնակազմի մի մասը, հիմնականում նրանք, ովքեր ունեն ամառանոցներ կամ առանձին են ապրում, արդեն լքել են հյուրանոցները՝ չսպասելով հունիսի 1-ին, իսկ նրանք, ովքեր տանն ունեն տատիկ, պապիկ, մեծահասակ ծնողներ եւ փոքրահասակ երեխաներ, հայտնվել են անելանելի կացության մեջ։ Բավական չէ, որ կրկնակի վարձատրվելու խոստումների դիմաց վարձատրվել ու վարձատրվում են քիչ, դեռ մի բան էլ այս ծանր վիճակում պետությունը բուժաշխատողներին թողել է բախտի քմահաճույքին՝ պատճառաբանելով, թե պետք է կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերել։

«Մեզ ասում են, որ պետությունն այլեւս ի վիճակի չէ բուժաշխատողներին պահել, եւ որ ոչ ոք չի կարող ասել, թե 24-ժամյա ծանր հերթապահությունից հետո տուն գնալով դո՞ւ կվարակես քո ծնողներին, թե՞ իրենք կվարակեն քեզ՝ խանութից տուն վերադառնալով։ Բայց այստեղ պետությունը մի բան հաշվի չի առել՝ ռիսկայնության գործոնը․ եթե խանութում վարակվելու հավանականությունը 10 տոկոս է, ապա հիվանդանոցում՝ 99 տոկոս։ Բուժաշխատողներ կան, ովքեր արդեն 3-րդ ամիսն են աշխատում, մարդիկ ոտքի վրա մարում են, հոգնել են, չեն դիմանում, իսկ նման պայմաններում շատ հեշտ է վարակվելը, որովհետեւ իմունիտետդ հյուծվում է»,- ասում է բուժաշխատողներից մեկն ու նշում, որ հիվանդանոցը բուժաշխատողների պակաս ունի, մարդիկ անգամ իրենց հաշվին են ուզում արձակուրդ գնալ, բայց չեն թողնում, որովհետեւ մի մասը հիվանդացել է եւ դեռ չի ապաքինվել, իսկ մյուս մասը ներկա դրությամբ աշխատում է։

«Բոլորը դժգոհ են, բայց ավելի շատ՝ վիրավորված, ստացվում է՝ ռուսաստաններից, ամերիկաներից Հայաստան վերադարձող քաղաքացիներին պետությունը կարող է 14 օրով մեկուսացնել հյուրանոցներում, տեր կանգնել իր քաղաքացիներին, ինչը գովելի է, իսկ իր բուժաշխատողներին՝ ո՞չ։ Եթե քեզ հռչակել ես ժողովրդավարական, սոցիալական պետություն, պետք է տեր կանգնես քո բոլոր քաղաքացիներին։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ, Ռուսաստանում ապրող իր քաղաքացու հանդեպ պետությունը գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը, իսկ հայրենիքում ապրող, օր ու գիշեր հիվանդների հետ աշխատող բժշկի առաջ դրսեւորում է զրո պատասխանատվություն՝ նրան ուղարկելով տուն՝ քրոնիկ հիվանդ ծնողների հետ անցկացնելու իր 14-օրյա մեկուսացումը։ Լավ, գոնե տուն ուղարկելուց առաջ թեստավորեին, նոր ուղարկեին, բայց այստեղ էլ նորից բժիշկների վրա են ուզում խնայել եւ թեստավորումն անել 14 օր անց, երբ արդեն տան անդամներդ նույնպես վարակված կլինեն։ Բժիշկներին պետք չէ ֆեյսբուքներում շնորհակալություն հայտնել, խոսքն արժեք չունի, եթե վերաբերմունք ու հարգանք չես դրսեւորում։ Բան չունենք ասելու, հնարավոր է՝ դեռ 1-2 տարի էլ այս վիճակը լինի, եւ պարզ է, որ պետությունը չի կարող 2 տարի պահել բուժաշխատողներին, բայց, նախ, պետությունը թող իր պարտականությունները կատարի, նոր հետո այդ պարտականությունը դնի ամեն քաղաքացու ուսին եւ խղճին»։

Մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր խնդիր է բժշկական արտահագուստի հարցը, որ վերջին օրերին կրելը դարձել է անտանելի․ «Վերջին օրերին բուժանձնակազմին բաժանել են տեղական արտադրության՝ էժան կլինկորից կարված կոմբինեզոն համազգեստներ, որի մեջ անհնար է աշխատելը, կես ժամից ամբողջությամբ ջուր ես դառնում, դե պատկերացրեք՝ եթե այդ արտահագուստը մի քանի ժամ քո հագին է։ Աշխատելու պայմաններն առանց այն էլ դժվարին են, դա էլ գումարվում է, ու արդեն աշխատելը դառնում է տանջանք»։ Պարզվում է՝ նոր արտահագուստներն այնքան անորակ են ու վատը, որ բուժաշխատակիցներից շատերը հրաժարվել են այն կրել՝ փոխարենը հագնելով կրկնակի խալաթ, ինչը, անշուշտ, չի կարող ապահովել այն պաշտպանիչ միջավայրը, ինչ կոմբինեզոնները, եւ ուղղակիորեն սպառնում է յուրաքանչյուր բուժաշխատողի կյանքին․ «Ասում են՝ բժիշկները մեր զինվորներն են, հերոսներն են, այսպե՞ս են «զինվորների» հետ վարվում։ Այս իրավիճակը նման է նրան, որ սահմանին կանգնած քո զինվորին համազգեստ, զենք չտաս ու հետն էլ ասես, որ եթե թշնամին հարձակվեց, քեզ ո՛չ համազգեստը կփրկի, ո՛չ էլ զենքը։ Այսինքն՝ քո գլխի ճարը դու պիտի տեսնես․․․»։

Աղբյուր՝ https://hraparak.am/post/984f30e1f650fe63abd5b168346a7107