Վանաձոր քաղաքի ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներ են ձեռք բերել մայիսի 24-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի հետնամասում կրակոցներ արձակողի վերաբերյալ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ տեղեկությունների, կրակոցներն արձակել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 58-ամյա Արմեն Բալոյանը՝ իրեն պատկանող 12մմ տրամաչափի «Վինչեստեր» տիպի որսորդական ողորկափող հրացանով:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները Ա. Բալոյանի կնոջ մոտից հայտնաբերել են հանցագործության հրացանը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Բալոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 24-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 77/2 հասցեի մոտ կրակոցներ են հնչում։

Ոստիկանները պարզել էին, որ ժամը 23։30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 77 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ՝ 40-ամյա Լիանա Ա-ն իր բնակարանում լսել է ուժեղ պայթյունի ձայն, որից հետո հնչել են կրակոցներ, այնուհետև խոհանոցում՝ պատուհանի հարևանությամբ, նկատել է՝ պատը՝ միջանցիկ ծակված և գետնին թափված պատի քանդված քարի փշուրներ։

Տեղում աշխատել էին ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները, ովքեր նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել էին մետաղյա դետալ, իսկ Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի հետնամասում՝ 1 հատ պարկուճ։