Կառավարության որոշմամբ այս տարի բուհերում ընդունելությունը կատարվելու է ընդամենը մեկ պարտադիր միասնական քննությամբ։ Մենք բուհերից փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է կազմակերպվելու ընդունելությունը, ո՞ր առարկան է պարտադիր, և արդյոք նույն առարկան պարտադիր է բոլոր մասնագիտությունների համար։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՊՏՀ-ում պարտադիր է մաթեմատիկան․


«Այդ որոշումը, որ մեկ քննությամբ է լինելու ընդունելությունը, կառավարությունն արդեն հաստատել է, և դա բուհերի ինքնավարության շրջանակներում չէ, քանի որ միասնական քննությունների կարգը հաստատում է կառավարությունը, և կառավարության նախորդ նիստում հաստատվել է առկա բակալավրիատի ընդունելության կարգը և նաև առանձնացվել են այն քննությունները, որոնք կոնկրետ մասնագիտություն ընտրելիս դիմորդը պետք է հանձնի։ Կոնկրետ Տնտեսագիտական համալսարանում բոլոր մասնագիտությունների դեպքում հանձնում են միայն մաթեմատիկա առարկան՝ միասնական քննությամբ։ Մագիստրատուրայի դեպքում 2 տարբերակ կա․ այն ուսանողները, որոնք ՀՊՏՀ շրջանավարտներն են, որակավորումը չփոխելու պարագայում կարող են ընդունվել մագիստրատուրա առանց որևէ քննության և հարցազրույցի, իսկ այլ բուհերի շրջանավարտները, որոնք դիմում են, ունենալու են մեկ քննություն։ Գործերի հանձման գործընթացը կրկին առցանց է լինելու, իսկ արդեն քննությունների 2-րդ փուլը սկսվում է ավելի ուշ, այսինքն՝ գործերը սկսելու են հանձնել հուլիսի սկզբից, այսօր արդեն մենք մեր կայքում կհրապարակենք կոնկրետ ժամկետները, որովհետև այդ կարգավորումները նախարարությունից նոր ենք ստացել, գործերը կսկսնեք վերցնել արդեն օգոստոսի վերջին, խոսքը վճարովիի մասին է, այնուհետև կլինի քննություն, իսկ թե քննություն կլինի օնլա՞յն, թե՞ օֆլայն տարբերակով, պարզ կլինի՝ կապված համաճարակային իրավիճակից»,- ասաց Գալոյանը։

Գալոյանին հարցրինք՝ մաթեմատիկայի պարտադիր քննությանը զուգահեռ դպրոցի գնահատականները կունենա՞ն որևէ նշանակություն, թե՞ կարևոր են միայն մաթեմատիկայի քննության արդյունքները միայն․

«Եթե մրցույթը լինի այնպիսին, որ մի քանի հոգի հավաքած լինի նույն բալերը մաթեմատիկա առարկայից, և նույն տեղի համար, օրինակ, 3 հոգի նույն բալերն են հավաքել և այլևս տեղ չկա, ու պետք է որոշենք, թե այդ 3 հոգուց ով է ընդունվում այդ տեղում, այդ ժամանակ արդեն այլ ցուցանիշներ են անցնում՝, այդ թվում՝ մեդալակի՞ր է, թե՞ ոչ, օլիմպիադաներին մասնակցություն ունի՞, թե ոչ, ատեստատի միջին գնահատականը որքա՞ն է, և այն առարկաները, որոնք նախկինում պարտադիր էին ՀՊՏՀ ընդունվելու համար, օրինակ՝ անգլերենն ու հայերենը, ատեստատում ի՞նչ գնահատական ունի այդ առարկաներից։ Այդ ժամանակ ատեստատը դառնում է որոշիչ, բայց մինչ այդ առաջնորդվում ենք միայն մաթեմատիկա առարկայի ստացած գնահատականով »,- պատասխանեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը։

ԵՊՀ ընդունելության հանձնաժողովի քարտուղար Արմեն Սարգսյանն էլ ասաց, որ տարբեր ֆակուլտետներում՝ կապված մասնագիտության հետ, կան կամընտրովի առարկաներ, որոնցից միայն մեկն է ուսանողը ընտրում և հանձնում․

«Յուրաքանչյուր մասնագիտությունն ունի իր՝ առաջնահերթության սկզբունքով սահմանված առարկան, տարիներ շարունակ այդպես է եղել, և ամեն մի մասնագիտության համար սահմանված առարկան կամ առարկաները եղել են այդ գաղափարի մեջ, այսինքն՝ առաջինը նշվել է այդ մասնագիտության համար մասնագիտական առարկան։ Այդպես միշտ բոլոր բուհերում է եղել, և այս տարի մի քննության գաղափար ընտրելը պարզ չէր, պարզապես վերցվեց այդ առաջին քննությունը և սահմանվեց որպես միակ քննություն։ Տարբեր մասնագիտության համար տարբեր է, սակայն կան մասնագիտություններ, որտեղ տարիներ շարունակ կամընտրական առարկա է եղել, օրինակ՝ «սերվիս» մասնագիտության համար եղել է հայոց պատմություն կամ աշխարհագրություն, մենք այդպես էլ թողել ենք, դիմորդը դրանցից մեկը ընտրում ու հանձնում է, կամ, օրինակ, ֆարմացիայի ֆակուլտետում սահմանված էր 3 հատ քննություն, որից կամայական 2-ը կընտրեր դիմորդը, հիմա քանի որ մենք չգիտենք, թե այդ կամայական 2 առարկան ինչ հարաբերությամբ կընտրվի, ուստի այդ 3 առարկաներն էլ դրված են՝ կենսաբանություն, ֆիզիկա և քիմիա, և դիմորդը այս 3 առարկայից մեկն է ընտրում, դա է հանձնում »։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում