Ֆուտբոլ խաղալիս երեկ` մայիսի 27-ին, մահացած 20-ամյա Զարզանդ Մանուկյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում համայնքապետ Կարեն Արշակյանն ասաց, որ տան միակ արու զավակն էր, բանակից վերադարձել էր 6 ամիս առաջ։ Նա պատմեց, որ Մարմաշենում ֆուտբոլի նոր դաշտ են կառուցել, երեխաները հավաքվել, սկսկել են ֆուտբոլ խաղալ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել դժբախտ դեպքը. «Երկու թիմի են բաժանվել երևի մոտավորապես 14 հոգի են եղել, բոլորը 17-20 տարեկան երեխաներ։

Ժամը 18։30-19։00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է սկսվել թիմերի միջև ու երևի այդ ժամանակ է երեխան հանկարծամահ եղել»,- ասաց նա՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննության այսօրվա տվյալներով երեխայի վրա հարվածի տեղ չի եղել։ Համայնքապետի խոսքով՝ տղայի խաղընկերները պատմել են, որ վիճաբանություն է եղել, տեսել են, որ նա ընկած է գետնին և օգնություն են ցույց տվել. «Տեսել են՝ չի շարժվում, փորձել են տեղափոխեն հիվանդանոց: Բայց շտապելուց ձեռքներից գցել են, մինչև տարել են հիվանդանոց մահը գրանցվել է։ Դեռևս հայտնի չէ՝ ճանապարհին է մահացել, թե տեղում»,- նշեց նա: Արշակյանն ասաց նաև, որ ընտանիքի վիշտը կրկնակի է. մահացածի երկու քույրերից մեկի ամուսինն էլ Ռուսաստանում ավտոմեքենայի շարժիչը միացրած է թողած եղել ու մահացել է:

Այսօր նրա դին էլ պետք է տեղափոխեն Հայաստան: Հիշեցնենք, որ երեկ մահացած վիճակում Գյումրի բժշկական կենտրոն էր տեղափոխել 20-ամյա մի երիտասարդ։ Ոստիկանությունում քննություն է կատարվել, հարցաքննվել են նրա հետ ֆուտբոլ խաղացողները։