Ընդհանրապես վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այս ընթացքում հակասություններ եղել են վարչապետի եւ առողջապահության նախարարի, վարչապետի եւ պարետի միջեւ:

«Վարչապետը լսում է բոլորին, կայացնում է որոշում եւ այդ որոշումը պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար, որոնք պարտավոր են ենթարկվել վարչապետի որոշումներին:

Ընդհանուր առմամբ մեզ մոտ քննարկումները բուռն են, բազմազան են, բոլորն իրենց տեսակետն արտահայտելու հնարավորություն ունենում են, այդ բանավճում է, որ փորձում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումները»:

Ինչ վերաբերում հարցին, թե ինչպես է պատահում, որ վարչապետը հայտարարում է, որ իրավիճակը վերահսկելի է, իսկ առողջապահության նախարարը ճիշտ հակառակն է ասում, Փաշինյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է տեսակետների տարբերություններին, դա կարող է կախված լինել մի քանի հանգամանքի հետ: Օրինակ, առողջապահության նխարարը լինելով առողջապահության ուղղության պատասխանատուն ինքն առավելապես հարցերը դիտարկում է զուտ առողջապահական տեսակետից, ինչը իր աշխատանքն ու պարտականությունն է: Իսկ կառավարությունը փրոձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրները: Դա ոչ թե հակասություն է, այլ այդտեղ միշտ կա առաջնահերթությունների ճիշտ բալանսը գտնելու հարց: Դա չի կարող լիարժեք լինել առողջապահության նախարարության սրտով, որովհետեւ իրենք կուզենային, որ 100 տոկոսով միայն առողջապահական խնդիրը դրվեր: Սակայն նաեւ տնտեսական գործոններն են շատ կարեւոր եւ մենք հավասարակշռության ճիշտ կետը գտնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած:

Ընդհանուր առմամբ, ես չեմ կարծում, թե պետական մարմինների աշխատանքի սինխրոնացումը կատարելության ենք հասցրել: Ամեն ինչ անում ենք, որ այդտեղ առաջընթաց ունենանք»: