Մենք փորձում ենք ստեղծել համերաշխության նոր մթնոլորտ եւ իրավիճակ, դա շատ կարեւոր է: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնում մասիս Մայիլյանին, իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանին նշանակելուն:

«Ես պատահական չեմ սա նշում, որովհետեւ երեկ արդեն Իլհամ Ալիեւն իր հերթական հայտարարություններն է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարություններ չեն եղել, մանավանդ այս հայտարարությունը. «Աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում»: Այսինքն ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք եւ ուզեւմ եմ նաեւ վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաեւ այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբեւէ չփորձեք խոսել»,-ասաց Արցախի նախագահը:

Հարությունյանը նշեց, որ Ալիեւն ասում է՝ «Մեր հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»։

«Դուք հնարավորություն ունեք ձեր «պատմական անճշտությունները» շտկելու, եթե այդպես եք մտածում: Բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար: Ուժի լեզվով երբեւէ չհամաձարկեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցություններով խնդրի բանական լուծմանը: Այն հայտարարությունները, որ դու արել ես, որ միայն փուլային տարբերակն է: Իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց դա միայն մի տարբերակով՝ առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդը՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-ընդգծեց նա: