Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ հետ զրույցը վերաբերում էր նրա հիմնադրած «Օրրանին», մանուկների դաստիարակության հարցերին։ Սակայն մենք չէինք կարող չհետաքրքրվել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի անելիքներով, նրանով, թե ինչպես են վերաբերվում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներին, նրանց մեծ ընտանիքն ինչպես է կրում վարակի հետ կապված այս շրջանի բեռը։ «Մեր ողջ ընտանիքն այս օրերին Հայաստանում է՝ տանը «բանտարկված», բայց շատ կարեւոր առաքելության ենք պատրաստվում ես եւ Րաֆֆի Հովհաննիսյանը․ մեկուկես ամսից կդառնանք մեծ մայրիկ եւ մեծ հայրիկ։ Մեր ավագ որդին՝ Կարինը, եւ մեր հարսը՝ Լարիսան, մեզ կպարգեւեն մեր առաջին թոռնիկին։ Կարծում եմ՝ այս ժամանակները, նաեւ երեխայի լույս աշխարհ գալը կստիպեն, որ շատ արժեքներ վերանայենք»,- ասում է Արմինե Հովհաննիսյանը։


Թե ինչով է զբաղված Րաֆֆի Հովհաննիսյանը, արդյո՞ք քաղաքականություն վերադառնալու մտքեր չունի, քանզի հեռացել է «Ժառանգություն» կուսակցության նախագահի պաշտոնից եւ ակտիվորեն չի ղեկավարում կուսակցական կառույցը, այժմ կուսակցության ղեկավարը Նարինե Դիլբարյանն է։ Տիկին Հովհաննիսյանը պատասխանեց․ «Րաֆֆին հետեւում է քաղաքականությանը, հիմա այդքան ակտիվ չէ, բայց հանդիպումներ է ունենում, իր գրառումներն է անում, թե ինչ կլինի ապագայում՝ չգիտեմ, բայց ինչ էլ որ ապագան բերի, կարծում եմ, որ ինքն ունի հարուստ փորձ, հատկապես՝ դիվանագիտական, եւ կարող է շատ օգտակար լինել այն երիտասարդների համար, որոնք պատրաստ են լսել նրան»։

Ինչ վերաբերում է իրեն եւ իր սպասելիքներին, ապա․ «Ես քանի որ 5 երեխաների մայր եմ, Աստված ինձ շատ մեծ համբերություն է տվել, եւ համբերատար սպասում ու հետեւում եմ, որ այս երիտասարդներն ընկնելով-վեր կենալով պիտի սովորեն եւ պիտի հասկանան, որ քաղաքականությունը թերեւս այդքան էլ հեշտ բան չէ, եւ միայն լավ ուսումը, լավ գիտելիքը, էնտուզիազմը բավական չեն, պետք է կարողանաս լսել, իսկ լսելը շատ կարեւոր ունակություն է, ինչը երիտասարդների մոտ այդքան էլ լավ չի ստացվում»։