«Ինձ համար շատ տարօրինակ են լուրերը՝ դպրոցական խնջույքների մասին, որոնք տեղի են ունենում»,- ֆեյսբուքյան ուղիղի եթերում՝ անդրադառնալով դպրոցների վերաբացման հարցին, զարմանք հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Ապա դիմելով աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին՝ կոչ արեց. «Եթե ուզում եք վերադառնալ դպրոցական նախկին կյանքին, պետք է պակասեցնել ավելորդ շփումը՝ դիմակ կրել, ձեռքերն ախտահանել և սոցիալական հեռավորություն պահել: Այս ամենն անելու դեպքում, սեպետմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու հանարավորություն կունենանք»,- նկատեց նախարարը:


Նա պատմեց, որ իր ընկերների, բարեկամների շրջանում նույնպես եղել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահեր, ինչը, վերը նշված կանոնները պահպանելու դեպքում, հնարավոր էր կանխել:


Ա. Հարությունյանի խոսքով՝ հեռավար կրթությունն ունի իր բացասական կողմերը, քանի որ երեխաները պետք է շփվեն, դաստիարակվեն, հասարակությունում ապրելու հմտություններ ձեռք բերեն և այլն:


«Որոշ ասեկոսեներ ու պնդումներ կան, որ նախարարությունը պատրաստվում է սեպտեմբերի 1-ից շարունակել ուսումը հեռավար ծրագրով: Իհարկե, կորոնվիրուսի տարածումը, ըստ էության, պատերազմ է՝ առանց ճակատի, և մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների»,-ասաց նա՝ հավելելով, որ հատկապես կարևոր է ապահովել առաջին դասարանցիների դասերը, որովհետև այդ տարիքի երեխաները պարտադիր պետք է դպրոց գնան՝ այդ միջավայրին ծանոթանալու, ուսուցչին ճանաչելու համար. «Ուստի, մենք ունենք մեծ ցանկություն՝ ամեն ինչ անել, որ սեպետեմբերի 1-ից դպրոցները բացվեն»,- ասաց նախարարը