2016թ. հոկտեմբերին տեղի ունեցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկուսակցական ընտրությունները, որին, ինչպես հայտնի է, նախորդել էր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ձախողված մասնակցությունը, ինչն առաջին վարչության հրաժարականի պատճառն էր դարձել:
Նոր վարչության ձևավորումը, սակայն, հարթ չէր ընթացել, և չնայած ներկուսակցական թեժ պաքարին՝ վարչության հիմնական կազմը վերընտրվել էր: Վարչության նախագահի թեկնածուներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի միջև ընտրությունը կայացվել էր՝ հօգուտ Միքայելյանի:

Այժմ, երբ լրացել է ՔՊԿ-ի ձևավորման 5 տարին, 168.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի լուսանկար, որը փաստում է վարչության ընտրությունների կեղծված լինելու հանգամանքը:

Լուսանկարում երևում է գործող, համապատասխանաբար՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարներ Արայիկ Հարությունյանի և Սուրեն Պապիկյանի երկխոսությունը, որտեղ նախարարներն արտահայտում են իրենց դիրքորոշումը Սասուն Միքայելյանի նկատմամբ և նշում, որ չեն բարձրաձայնել ընտրությունների կեղծված լինելու հանգամանքի մասին՝ ներթիմային շահերից ելնելով:

Լուսանկարն, ըստ երևույթին, արվել է այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանը Գյումրիից քայլերթով գալիս էր Երևան:

Ինչպես հիշում ենք, այդ ընթացքում Սասուն Միքայելյանը ձեռնպահ էր մնում հեղափոխական գործընթացներին մասնակցությունից, ինչը, ըստ երևույթին, առաջացրել էր թիմակիցների զայրույթը, և հենց այդ ժամանակ էլ, թերևս, ներթիմային կոմպրոմատների հավաքագրման տրամաբանության շրջանակներում էլ համակարգչի էկրանից արվել է տվյալ լուսանկարը: Հավանաբար լուսանկարողը մտածել է, որ, եթե պարզապես սքրին շոթ արվի, չեն հավատա, և հանգիստ կարող են մեղադրել, այսպես ասած, սքրին շոթը սարքելու մեջ, գրում է աղբյուրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: