Պարետ հասկանում է, որ դիմակ կրելը շատ անհարմար է, բայց այս փուլում միայն այդ միջոցն է մնացել։

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր պարետատան նիստից հետո հայտնեց, որ պարետատունը նոր որոշում է կայացրել, ըստ որի` բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվող բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը կլինի պարտադիր։

«Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել մինչև 6 տարեկան երեխաները, ինչպես նաև հեծանիվ վարողները և ֆիզիկական վարժություններ անողները»,–ասաց նա։

Ավինյանի խոսքով` հասկանալի է, որ շատ անհարմար է նման եղանակին դիմակ կրելը, սակայն այս փուլում միայն նման միջոցն է մնացել։

Ավինյանը հայտնեց, որ իրենց գործիքակազմում ունեն նաև ծայրահեղ միջոցներ` պարետային ժամ սահմանել, վերադարձ տնտեսական գործունեության և տեղաշարժի սահմանափակման հարց, սակայն, ըստ նրա, ներկա իրավիճակում փորձում են դեռ չդիտարկել այդ գործիքակազմը։