Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ԵՊՀ մագիստրատուրայի բաժնի վարիչ Անահիտ Սահակյանը, դիմումը ստորագրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտնակատար Գեղամ Գևորգյանի կողմից։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Անահիտ Սահակյանը։ ԵՊՀ մեր աղբյուրները մեզ փոխանցել էին, որ Սահակյանը կոնֆլիկտ է ունեցել ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանի հետ, իսկ կոնֆիլկտի պատճառն էլ այն է եղել, որ ուսանողներից մեկի առցանց հարցին Սահակյանը իբրև չի պատասխանել։ Անահիտ Սահակյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, որ նման բան է եղել, իսկ դիմում գրելը պատճառաբանեց նրանով, որ իր թոշակի տարիքին է։ Նա, լսելով վիճաբանության վերաբերյալ մեր հարցը, կտրուկ պատասխանեց․


«Ոչ մի վիճաբանություն տեղի չի ունեցել, ես վաղուց էի որոշել, որ հենց թոշակային տարիքի հասնեմ, պիտի դիմում գրեմ, ոչ մի պատմություն չի եղել, ես վաղուց որոշել էի, նույնիսկ արտահայտվել էի աշխատողների ներկայությամբ, որ թոշակի տարիքին հասնեմ, անպայման դուրս եմ գալու, զբաղվեմ թոռնիկներովս»։


Մեր աղբյուրներն ասացին, որ Սահակյանը ԵՊՀ հին և փորձառու աշխատողներից է, և որ նա մագիստրատուրայի բաժնի վարիչի պաշտոնը զբաղեցնում էր այդ բաժնի ստեղծման օրվանից, 1999 թվականից ի վեր։ Մեզ նաև տեղեկություններ հասան, որ Սահակյանի պաշտոնին պատրաստվում են նշանակել Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Դավիթ Հայրապետյանին, այդ ֆակուլտետից է պրոռեկտորի պաշտոնին նշանակվել Էլինա Ասրիյանը։