Այն տեսությունը, որ ժամանակի ընթացքում կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում եւ դառնում ավելի վտանգավոր, իրականությանը չի համապատասխանում, պնդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա Վան Կյորկհովը:

Ինչպես հաղորդում է New York Post-ը, համաճարակաբան Մարիա Վան Կյորկհովը նշել է, որ վիրուսը նորմայի սահմաններում է փոփոխվում, որը հատուկ է դրան նման վիրուսներին, օրինակ՝ գրիպի վիրուսին:

«Ոչ մի ապացույց չկա, որ հիվանդությունը դառնում է ավելի վարակիչ կամ կյանքի համար վտանգավոր»,- ասել է մասնագետը:

Նա, այդուհանդերձ, նախազգուշացրել է, որ «դեռեւս շատ հեռու է համավարակի վերջը»: Իսկ վիրուսի տարածման դեմ հաջող պայքարի համար, նրա կարծիքով, չպետք է տրվել ընդհանուր հոգնածության եւ հանել սահմանափակումները: