Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մեկուսացված է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նա նշեց, որ Հայրապետյանը գտնվում է Մոսկվայում․ «Պարոն Հայրապետյանն ուզում է վերադառնալ ու վերադառնալու է, բայց պարոն Հայրապետյանին ցուցված է մեկուսացում։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ պարոն Հայրապետյանը բազմաթիվ հիվանդություններ ունի։ Դրանով պայմանավորված՝ գնահատվել է ռիսկային խմբում։ Նա Մոսկվա քաղաքում է, կոնկրետ հասցեն վարույթն իրականացնող մարմնին հայտնի է»։


Հարցին, թե թեստ հանձնե՞լ է, պաշտպանը պատասխանեց․ «Եթե ձեր հարցին շատ սպառիչ պատասխանեմ, կնշանակի, որ բժշկական տվյալներ եմ հրապարակում։ Մի նախադասությամբ՝ ցուցված է մեկուսացում»։

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել։ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ որդին ազատության մեջ է։

Հիշեցնենք նաեւ, որ դեռևս 2019-ի թվականին Ռուբեն Հայարպետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ Դրանք են` 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

Աղբյուրը՝ https://hraparak.am/post/0eb8805b5f4a7bcaa101e6d87fb81ce9