2019-ը բյուջետային առումով պատմական տարի էր Հայաստանի համար, որովհետեւ կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 մլն դրամ ավել հարկային եկամուտներ գեներացնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում այդ գումարից 62 մլրդ դրամը դարձան պետբյուջեի եկամուտներ, իսկ 42 մլրդ դրամի չափով վերադարձվեց ԱԱՀ –ի պարտքը, որը ձեւավորվել էր մինչեւ 2017-ի հունվարի 1-ը: Սա կարծում եմ՝ պատմական իրադարձություն էր:

2019-ին արձանագրվել է վերջին 12 տարվա համար աննախադեպ 7,6 տոկոս տնտեսական աճ, ուրեցել ենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 22,35 տոկոս ցուցանիշ, որը 1,6 տոկոսով գերազանցում է կանխատեսված եւ 1,4 տոկոս 2018-ի ցուցանիշը:»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ գործող կառավարությունը առայժմ ոչ պատմական տարի ունենալու բախտ չի ունեցել, կամ բախտ է ունեցել պատմական տարիներում գործելու կամ պատմական տարիներ իրագործելու հնարավորությունը. «2018-ը պատմական էր ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության եւ Հայաստանի պատմության մեջ իր ժողովրդավարության մակարդակով աննախադեպ խորհրդարանական ընտրություններով: 2019-ը պատմական էր տնտեսական ցուցանիշներով, իսկ 2020-ը պատմական է առնվազն կորոնավիրուսի համաճարակի բերումով:

Պարզ է, որ այս տարի տնտեսական որոշակի խնդիրներ ունենալու ենք, նաեւ խնդիրներ ենք ունենալու համաճարակի բերումով, բայց խորհուրդ կտայի կանխատեսումներ չանել, թե ինչպիսին կլինի 2020 թվականը: Որովհետեւ կորոնավիրուսի շրջանը նոր է սկսվել, դեռ անհայտ է, թե ինչքան այն կտեւի, արդյունքներն ու կորուստները ամփոփելու համար վաղ է»: