ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան երգահան Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառման: Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես՝ ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում քովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում քովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։

Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»:

Ավելի վաղ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին գրել էր. «Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ. հաստատությունների։
Ո՞վ է սրա պատասախանը տալու»։