Lragir.am-ը գրել է. «Ընդդիմադիր» տարբեր խմբեր վերջին շրջանում գեներացնում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի թեման, որը «պայթեց» այդ պահանջին Գագիկ Ծառուկյանի միանալով: Ծառուկյանի պարագան նշանակալի է, եւ զուր չէ, որ իշխանությունը բուռն արձագանքեց հենց նրա հայտարարություններին: Ծառուկյանի հայտարարությունններն ակնհայտորեն խթանեցին ներքին դիմակայության վճռորոշ փուլը:

Որն է խնդիրը: Բանն այն է, որ ի տարբերություն «դրսից» պահանջների, ԲՀԿ-ի դեպքում այն կարող է ունենալ նաեւ կոնկրետ դրսեւորումներ, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը կարող է նախաձեռնել որոշակի գործընթացներ: Թեեւ, խորհրդարանական մյուս ընդդիմությունը՝ Լուսավոր Հայաստանն արագ հայտարարեց, որ ընդդիմադիր շրջանակների համախմբումը կարող է տեղի ունենալ միայն իր շուրջ, եւ դա գուցե ակնարկ էր, որ ԲՀԿ-ի նշած համախմբմանը չեն մասնակցի:

Ծառուկյանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ապաքինման եւ աշխատանքի լիարժեք վերադառնալու մասին: Վերադարձն իսկապես «լիարժեք» ստացվեց՝ նա աշխատանքից ազատեց երեք ուժայինների՝ ԱԱԾ պետին, ոստիկանապետին եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, իսկ ՔԿ ծառայությունը դիմեց դատարան՝ վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչեւ համաճարակի ավարտը մնար հիվանդանոցում:

Բացի այդ, ամենօրյա ճեպազրույցներում Նիկոլ Փաշինյանը փաստացի պատասխանեց իր հրաժարականի պահանջներին. «Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված շատ հատկանշական իրավիճակ է արձանագրվել, և Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի՝ մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա, նրանք հայտնի քաղաքական շրջանակներն են։ Բայց ես ուզում եմ ասել, որ այդ քաղաքական շրջանակները կորոնավիրուսի համավարակի ավարտի հետ ավարտվելու են։ Այսինքն՝ նրանք ավարտված են, բայց այդքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են։ Նրանք, ովքեր լավ չեն հասկանում և հասկանալու հետ կապված օբյեկտիվ, բնածին պրոբլեմ ունեն, մենք նրանց տեսանելի և հասկանալի կերպով կբացատրենք։ Այս անգամ, համոզված եղեք, նրանք ցկյանս կհասկանան և այլևս չեն փորձի քիթները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ։ Մենք բոլորս գիտենք, թե որն է նրանց տեղը, և բոլորը ըստ ընթացակարգերի կհայտնվեն իրենց արժանի տեղերում: Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը, նրանք այնտեղ են դե ֆակտո, և այնտեղ լինելու փաստը դե յուրե կարձանագրվի շուտով»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում