SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող չգործող ոսկու հանքի թունելում 3 դի կա:

Փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով մոտեցել են ոսկու հանքին, և թունելում հայտնաբերել են 3 քաղաքացու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից:

Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները իրենց պատգարակով մոտ 2 կմ ոտքով մահացածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սերգեյ Երիցյանն ու Կարեն Գրիգորյանը: