Եվրախորհրդարանում մտահոգություն են հայտնել Հայաստանը և Արցախը կապող երրորդ մայրուղու շինարարության վերաբերյալ։ Այդ մասին ասվում է կառույցի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուի և Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ։


Հայտարարության մեջ ասվում է, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանը և Արցախը կապող երրորդ մայրուղու շինարարությունը, որի մասին հայտարարվել էր նախորդ տարի։

«Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Հայաստանի Կապանի մարզը կապելու է Արցախի Հադրութի շրջանի հետ և անցնելու է Կուբաթլուի և Ջաբրայիլի շրջաններով, որոնք «վերահսկվում են Արցախի կողմից»:


Որպես սկզբունք, մենք աջակցում ենք այն ծրագրերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, փոխկապակցվածությանը և մարդկանց միջև շփումներին Արևելյան հարևանության տարածքում:

Այսինքն, այս մայրուղու կառուցման մասին որոշումն ընդունվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմիններ համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, դա կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և նրա հարակից շրջանների ապօրինի օկուպացիան։

Հետևաբար, մենք շատ մտահոգված ենք այս նախաձեռնությամբ, քանի որ այն չի օգնում վստահության, խաղաղության և հաշտեցման պայմանների ստեղծմանը։

Մենք կրկին վերահաստատում ենք մեր անկոտրում աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և դրանց 2009 թվականի հիմնական սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ բարեխղճորեն ուժեղացնել իրենց հանձնառությունը բանակցություններին և հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի սահմանների շրջանակներում»,-ասվում է հայտարարության մեջ։