Երեւանի 66-ամյա բնակիչը, որի անունը չենք նշում իր խնդրանքով, խրոնիկ հիվանդություններ ունենալով հանդերձ հրաշքով փրկվել է եւ հաղթահարել կորոնավիրուսից առաջացած երկկողմանի թոքաբորբը միայն մասնավոր բուժօգնություն ստանալուց հետո։

Տղամարդը պատմեց, մայիսի 20-ին ջերմել է, նախ դիմել «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ թոքերի ռենտգեն հետազոտությամբ նրա մոտ ոչ մի խնդիր չի հայտնաբերվել։ Մի քանի օր անց, երբ վիճակն ավելի է վատացել, «Շտապօգնություն» են կանչել, տեղափոխել Նորքի ինֆեկցիոն։

«Շնչահեղձ վիճակում արդեն տարել են, այնտեղ թեստավորել են, սպասել եմ միջանցքում որոշ ժամանակ, մինչեւ մի սենյակ է ազատվել, որ գնամ, սպասեմ թեստի պատասխանին»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց տղամարդը։

Թեստի դրական արդյունքը պարզ է դարձել գիշերը ժամը 3-ին, ինչից հետո նրան հոսպիտալացնելու որոշում է եղել, տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

«Տարան նստացրին ընդունարանի աթոռների վրա, ասում են՝ ով է ասել՝ իրեն բերես ստեղ, տեղ չկա։ Էդպես մի ժամից էնտեղից տեղափոխել են Ավանի հոսպիտալ, քարուքանդ տեղ, վերելակ չկա, էդ վիճակով որ երկու հարկ աստիճան եմ բարձրանում, վատանում եմ, մի կերպ տանում են պալատ, պառկեցնում, առավոտ հելել եմ՝ խեղդվում եմ, բժիշկ եմ ուզում, բժիշկները մինչեւ 3-ը չեն գալիս»,- պատմեց տղամարդը՝ նշելով, որ այդպես էլ բժշկին անձամբ տեսնելու հնարավորություն չի ունեցել․«Բժշկը ապակու մյուս կողմից հրահանգում էր, քույրը գալիս էր, սիստեմա էր միացնում, գնում»։

Նրա մոտ այդ ժամանակ արդեն թոքաբորբ է հաստատված եղել։

«70 տոկոս արդեն տարածված է եղել այդ ժամանակ, որ տարանք, բայց ոչ մի նորմալ բուժում չեն արել, ֆոլգայի մեջ փաթաթած սիստեմա են բերել, միացրել, մեջտեղը մի թթվածին է դրված եղել, հերթով թթվածին են շնչել, էնտեղի հիվանդներն էլ ասել են՝ էդ ա, պիտի սովորես։ Ոչ մի բուժում չեն արել նորմալ, երեւի նայում են խրոնիկ հիվանդություններ ունի, տենց են վերաբերվում, իսկ իմ հոր սիրտը ստենտավորած է։ Եթե այդպես վերաբերվեն, դեղ չտան, բավարար թթվածին չտան, ոչ մի խրոնիկ հիվանդ չի վերականգնվի»,- պատմեց տղամարդու դուստրը։

Ընտանիքի անդամները հիվանդին երկու օրից կարողացել են տեղափոխել մեկ այլ հիվանդանոց՝ մասնավոր բուժման։ Այնտեղ պարզվել է, որ վիճակը վերջին օրերին շատ ավելի է վատացել։

«Մի կերպ ենք կարողացել տեղափոխել ։ Էդ ժամանակ արդեն թոքերն ամբողջությամբ սպիտակել էին, 100 տոկոս էր տարածվել թոքաբորբը։ Անմիջապես էնտեղ դեղեր են տվել, սրսկել են, օրվա մեջ պարբերաբար թոքերի վիճակն էին ստուգում, վիճակը մի քիչ բարելավվել է, հետո էլի վատացել, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Բայց կարողացան փրկել կյանքը, որովհետեւ շատ ուշադիր էին, վերահսկում էին, ժամանակին էին տալիս դեղերը։ Իհարկե, եթե պետական հիմունքներով կարողանային այդքան դեղորայք տալ, պետությունը երեւի սնանկ կդառնար»,- նշեց մեր զրուցակիցը։