Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն երկարաձգելու հարցը։

Հիշեցնենք՝ սա երրորդ երկարաձգումն է․ այն պատճառները, որոնց բերումով արտակարգ դրություն էր հաստատվել, վերացված չեն։

«Ամենօրա ռեժիմով հրապարակվող թվերն արտահայտությունն են այն բանի, թե ՀՀ-ում վերջին 7-ից 14 օրվա ընթացում ինչպես են պահպանվել հակահամաճարակային կանոնները։ Մեկ-երկու օր պոզիտիվ ազդակներից հետո նկատում ենք, որ երբ թվերի նվազում է լինում, կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք արձանագրում, ինչը մեծ պրոբլեմ է։ ՀՀ քաղաքացիները պետք է արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերն արտահայտում են՝ ինչպես ենք պահպանել կանոնները․․․ Մեր դեպքերի 75 և ավելի տոկոսն անցնում է առանց բարդության, բայց դրանով անուղղակիորեն մեծացնում ենք ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի ու մահերի թիվը։ Մենք բոլորս բոլոր հնարավոր միջոցներով պետք է այս ուղերձը տեղ հասցնենք քաղաքացիներին՝ չմտածելով, որ էլի ենք ասել։ Եթե թվերը անկում չեն ապրում, պետք է ասենք հազար, տասը հազար անգամ»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը։