Այն հիվանդանոցները, որոնք զբաղբում են կորոնավիրուսային վարակի բուժմամբ, դա անում են պետական միջոցներով։ Ինչ վերաբերվում է ամբուլատոր բուժմանը, դրա արժեքը չպետք է գերազանցի մի քանի հազար դրամը, եթե այն համապատասխանում առողջապահության նախարարության ուղեցույցներին։ Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային վարակի ստացիոնար բուժման համար պետպատվեր է գործում։ Միայն մեկ-երկու հիվանդանոց է եղել, որոնց միացումը «մի քիչ սահուն չի եղել», եւ որոնք պացիենտներից վճարներ են գանձել։ Սակայն այդ վճարները, նախարարի խոսքով, կվերադարձվեն քաղաքացիներին։

Ինչ վերաբերվում է ամբուլատոր բուժմանը, եթե այն նշանակվում է նախարարության կողմից մշակված ուղեցույցներով, ապա դրա արժեքը չպետք է գերազանցի մի քանի հազար դրամը։

«Եթե բժիշկը տասնյակ հազարների դեղորայք է նշանակել, ապա դա չի համապատասխանում մեր չափորոշիչներին», - ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ ամբուլատոր բուժումը չի ենթադրում, օրինակ, թանկարժեք հակաբիոտիկների ներարկում։ Նման ներարկումների կարիք կարող են ունենալ միայն ծանր վիճակում գտնվողղ պացիենտները, սակայն վերջիններիս բուժումը պետք է կազմակերպվի ստացիոնարում՝ պետպատվերով, այլ ոչ ամբուլատոր համակարգում։

«Ես ընդունում եմ, որ, այո, հնարավոր է, որ պոլիկլինիկական համակարգը ծանրաբեռնված է, այո, հնարավոր է, որ պոլիկլինիկական համակարգը այնքան էլ լավ չի աշխատում։ Բայց պոլիկլինիկական համակարգը միշտ եղել է մեր «Աքիլլեսյան գարշապարը», չնայած էնտեղի նվիրյալ բժիշկների, որովհետեւ համակարգը միշտ եղել է թերֆինանսավորված, ավելի քիչ ուշադրության կենտրոնում։ Եւ հիմա մենք նրանց վրա դրել ենք մի առաջադրանք, որը իրենք չեն ակնկալել։ Եւ մենք ամեն ինչ անում ենք՝ սկսած պոլիկլինիկաների տնօրեններից, վերջացրած սովորական բժիշկներով եւ իրենց լիազոտ մարմիններով, քաղաքապետարաններով, մարզպետարաններով, որ հնարավորինս բարելավենք։ Եւ եթե անկեղծ ասեմ, մենք ունենք պոլիկլինիկաներ, որոնք շատ լավ են սպասարկում քաղաքացիներին, եւ ունենք պոլիկլինիկաներն, որոնք քրոնիկ վատ են սպասարկում քաղաքացիներին: Այստեղ պետք է նաեւ ընդունվեն վարչական որոշումներ՝ տնօրենների հեռացում եւ այլն։ Բայց գլոբալ առումով այլընտրանք չկա, այսինքն չի կարող լինել զանգվածային առողջապահական խնդիր, որից պոլիկլինիկական համակարգը անմասն մնա։ Հետեւաբար մենք պետք է ուժեղացնենք, հզորացնենք, օգնենք, ֆինանսավորենք պոլիկլինիկական համակարգին, որպիսզի նրանք հասցնեն սպասարկել իրենց քաղաքացիներին, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդությամբ», - ասաց նախարարը։