Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում վաղը՝ հունիսի 16-ին, կորոշվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։

Հարցերն ընդգրկվել են հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում»,- գրել է նա։

Նշենք, որ Սահմանադրության 108-րդ հոդվածը սահմանում է՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը

1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետեւյալ կարգով.

1) մինչեւ քսանական րոպե տեւողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը եւ միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել.

մտքերի փոխանակություն.

միջնորդագրում նշված պատգամավորին եւ գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչեւ 20 րոպե:

3. Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

4. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ: