«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 14-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի ընթացքից: Բանն այն է, որ այդ օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակիցները, կուսակիցները հավաքվել էին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, անգամ փակել էին Նալբանդյան եւ Խանջյան փողոցները:

Բայց քանի որ Հայաստանում արտակարգ դրության ժամանակ արգելվում են հավաքները, ուստի մի խումբ անձանց նկատմամբ կանոններին չենթարկվելու, երթեւեկությունը խաթարելու առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ու թեեւ այդ օրը ԲՀԿ խմբակցության պատգամավորները եւս նստել էին գետնին, խոչընդոտում էին երթեւեկությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ որոշում չկա, որ պատգամավորները եւս ներգրավեն այս գործում` որպես մեղադրյալների:

Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործով կարող է անցնել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, «Առինջ մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը, որը դեռ Գագիկ Ծառուկյանի առանձնատան դիմաց իրենց միանալու կոչեր էր անում: Նրա ակտիվությունը գրավել է իրավապահների ուշադրությունը: Ամեն դեպքում, այս մասով հստակեցումներ կլինեն միայն այսօր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում