Առաջին ատյանի դատարանը հունիսի 17-ին կքննի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո այս մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ ԲՀԿ առաջնորդը։

Մինչ այդ Ծառուկյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Քաղաքական մեծամասնության պատգամավորները նաև համաձայնություն են տվել, որ Ծառուկյանը կալանավորվի։ Վստահաբար կարելի է ասել, որ վաղը դատարանը որոշում կկայացնի Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ։
Ըստ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ԱԺ ներկայացրած միջնորդության՝ ձեռք են բերվել բավարար ապացույցներ՝ ընտրակաշառքի գործում Գագիկ Ծառուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար: «Հարուցված քրեական գործի շրջանակներում տրված ցուցմունքներն ու խուզարկության արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար»,- ասել է Դավթյանը:

Չնայած Ծառուկյանի դեմ գործ է հարուցվել նաև հարկեր թաքցնելու և պետությանը վնաս պատճառելու գործով, սակայն անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդությունը ներկայացվել է հենց ընտրակաշառքի գործով։ Հարկեր թաքցնելու հետ կապված Ծառուկյանին մեղադրանք առաջադրելը իրավական առումով շատ բարդ, եթե չասենք անհնար գործընթաց է ։ Գագիկ Ծառուկյանը դե յուրե խոշոր սեփականատեր է, որի գույքը հանձնված է կառավարման։ Հետևաբար, խախտումների համար, եթե այդպիսիք կան, պետք է պատասխան տան Ծառուկյանի օբյեկտների կառավարիչները։
Ինչ վերաբերում է ընտրակաշառքի գործին, ապա սա քաղաքական առումով շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծում առաջին հերթին իշխանության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե կա կաշառք տվող, որն այս պարագայում ենթադրաբար Գագիկ Ծառուկյանն է, որին վերագրվում է 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեղադրանք, ապա պետք է լինի նաև կաշառք ստացող։
Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի՝ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: Այսինքն՝ քրեորեն պատժելի արարք է, ոչ միայն ընտրակաշառք տալը, այլ նաև ստանալը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հարց է ուղղել՝ քանի որ քրեական գործում առկա են տվյալներ, որ կաշառքները տրվել են հասցեներով, անուն-ազգանուններով՝ կաշառք ստանալու գործով որևէ մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է։ Գլխավոր դատախազը պատասանել է, որ այս պահի դրությամբ կաշառք ստանալու համար որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, բայց բացահայտված շղթայի մեջ հանցավոր արարք դսևորած բոլոր կողմերը կանչվելու են պատասխանատվության: Ովքե՞ր են կաշառք ստացողները․ ենթադրաբար Ծառուկյան դաշինքի օգտին քվեարկած տասնյակ հազարավոր քաղաքացիները։ Ըստ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության՝ ընտրակաշառքի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք են բերվել Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքի վերաբերյալ, որտեղ 2017 թվականին Ծառուկյան դաշինքն ստացել է 8000 ձայն։ Այս բոլոր 8000 քաղաքացիները պոտենցիալ կաշառք ստացողնե՞ր են դիտվելու։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում