Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի համար 2020-ն անբարենպաստ է ոչ միայն նավթի գնային քաղաքականության համար, այլ նաև ջրի հարցում։

Դեռևս մարտ ամսից Ադրբեջանի գյուղատնտեսությունը բախվել էր ոռոգման ջրի խնդրին, իսկ արդեն մայիսի վերջերից ոռոգման ջրին գումարվեց նաև խմելու ջուրը։ Ամառը դեռ նոր է սկսվել, այսինքն՝ համատարած ջրօգտագործումը նոր է սկսել, արդեն առանձին բնակավայրերի մշակովի հողատարածքները և այգիները մնացել են անջրդի, որի հետևանքով գյուղացիները կրում են հսկայական վնասներ։

Այս օրերին նույնսիկ Քուռն է կիսացամաքել, որը բացառիկ երևույթ է Քուռի ողջ գոյության ընթացքում։ Քուռի հովիտների բնակիչները ևս մնացել են առանց ոռոգման ջրի, իսկ Ադրբեջանի գյուղատնտեսության հիմնական ողնաշարը հենց Քուռի հովիտներն են։

Հենց սրա հետևանքով Ադրբեջանում սկիզբ են առել բողոքի ակցիաներ, որին ես պայմանական տվել եմ «ջրի սով» անունը։ Մարդիկ փակում են ճանապարհները նույնիսկ խիստ կարանտինային ռեժիմի օրերին, ընդհուպ մտնում են մեծահարուստների ցանքատարածություններ և տրորում այն, քանի որ խոշոր հողատերերին է եղած ջուրը մատակարարվում։ Հարցի լուծումը կախված չէ իշխանությունից, այն կառավարվում է բնության կողմից։ Ադրբեջանի իշխանությունը փորձում է հասկանալ, թե ինչու է ցամաքել Քուռը, սակայն չեն կարողանում հիմնական պատճառը գտնել։

Արձանագրենք, որ այսօր Ադրբեջանը ջրի մեծ խնդրի առջև է կանգնած և եթե Հայաստանից հոսող գետերի հունը մի հրաշքով փոխվի, կամ ջրերն ամբողջությամբ օգտագործվի մեր գյուղատնտեսության մեջ, ապա Ադրբեջանը դառնալու է անապատ»։