Ավստրալիայի «Հայ դատի» հանձնախումբն Ավստրալիայի կառավարությանը խնդրել է անհապաղ օգնություն հատկացնել Հայաստանի Հանրապետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում՝ պայմանավորված վերջին մեկ շաբաթում վարակման ցուցանիշի մտահոգիչ աճով:

Ինչպես փոխանցում է Asbarez News-ը, Ավստրալիայի «Հայ դատի» հանձնախումբը կապ է հաստատել Հայաստանի արտգործնախարարության և առողջապահության նախարարության հետ և տեղեկացել անհրաժեշտ բուժսարքավորումների մասին, այնուհետև այդ սարքավորումների ցանկը փոխանցել է Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության ներկայացուցիչներին, ինչպես նաև առողջապահական հարցերով մասնավոր արդյունաբերության ոլորտի փորձագետներին:


«Մեր համայնքը շատ է մտահոգված Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով, որն օրեցօր ավելանում է հարյուրներով: Մեր պարտքն է ցանկացած աջակցություն տրամադրել Հայաստանում բնակվող մեր քույրերին և եղբայրներին»,- ասել է «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը՝ հույս հայտնելով, որ «Քովիդ-19»-ի դեմ հաջող պայքար մղող Ավստրալիան կկարողանա օգնություն տրամադրել նաև Հայաստանին: