Մենք պայմանը դրել ենք, եթե մարդը չի ուզում, որ իր անձնական տվյալը հրապարակվի, թող չդիմի հակաճգնաժամային աջակցությունից օգտվելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 20-րդ միջոցառումը ենթադրում է, աջակցություն ստացող անձանց տվյալները հրապարկվում են համապատասխան կայքում եւ դա կարող է անձնական տվյալների հրապարակում դիտարկվել:

«Սա նրա համար է, որ չարաշահումներ թույլ չտանք: Պետ է կետ լինի, որ մարդը համաձայն է իր անձնական տվյալների հրապարականը: Եթե մարդը համաձայն չի, ինչո՞ւ համաձայն չի, եթե տուժած ոլորտի աշխատող է, ուրեմն պետք է համաձայնություն լինի: Եթե չի ուզում, որ իր անձնական տվյալը հրապարակենք, ուրեմն մարդը թափանցիկության խնդիր ունի, ուրեմն ասենք ինքը մեծահարուստ է եւ չի ուզում հարեւան իմանա, որ ինքը պետությունից 68 հազար դրամ աջակցություն է ստացել:


Երբեմն իմ մոտ տպավորություն է, որ օրենքներն այնպես են ընդունված, որ հատուկ հնարավոր չլինի արդյուննավետ աշխատել, որ հնարավոր լինի ծանոթ, ընկեր, հորեղբոր տղա մտցնել, մտցնել ցուցակ, փողերը մեջ-մեջ անել: Ոչ, պետք է հրապարակվի, եթե չի հրապարակվելու, այս միջոցառումը չենք անում եւ վերջ: Կամ էլ ասեն՝ չենք հրապարակում, սկսեն սոցիալական ցանցերում, թերթերում գրեն, որ ստացած 32 հազարից 45 հազարը վարչապետի հորեղբոր տղերքն են, մնացած 85 հազարը՝ փոխվարչապետների, մնացածն էլ նախարարների: Հետո էլ հայտարարեն՝ ոչ ոք օգնություն չի ստացել:

Դուք սովոր եք եղել «Բրաբուսների» շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու, հիմա չեք ստանում, դրա համար նշանակում է, որ ոչ ոք չի ստացե՞լ: Պայմանը հետեւյալն է՝ կամ հրապարակվում է, կամ միջոցառումը չի արվում»,-հայտարարեց վարչապետը: