Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնատար անձանց դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Այս տեղեկությունը  հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական գործը հարուցվել է պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա։

Զինվորական քննչական կայազորային 4-րդ վարչությունում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով ( Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը, դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը)։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց, որ հաղորդման մեջ նշվել է, որ Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից չի կատարվել դատարանի՝ ուժի մեջ մտած ակտը, որը վերաբերում է Ցոլակ Խաչատրյանի ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցմանը և դրա վրա հաշվարկվող տուգանքների վճարմանը՝ շուրջ 14 միլիոն ՀՀ դրամի չափով։

Նշված քրեական գործով Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող, այլ դատավարկան կարգավիճակ ունեցող որեւէ անձ չկա: Նախաքննությունը շարունակվում է:

Ցոլակ Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հաղորդման մեջ եղել է միայն Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անունը, բայց չի բացառում նաեւ այլ անձանց մեղավորությունը. «Կոնկրետ ուղղված է Դավիթ Տոնոյանին, ինչպես նաեւ չեմ բացառել այլ անձանց մեղավորությունը, քանի որ ի սկզբանե ակնհայտ է եղել, որ պարտապան ճանաչված կառույցը, որը փողը պետք է տա ինձ, դա ՊՆ–ն է եւ նախարարը Դավիթ Տոնոյանն է։ Կան փաստական հանգամանքներ, որոնք վկայում են, որ Դավիթ Տոնոյանը այս ամենից քաջատեղյակ է եղել, պաշտոնական պատասխաններ է ներկայացրել մեր հարցումներին, ինչպես նաեւ հաշվի առնելով դատական ակտի 1 օրինակը, որն իրենք ստացել են. ակնհայտ է, որ ինքը դրա համար կրում է պատասխանատվություն, իսկ այլ անձանց մասը նախաքննությունով պետք է պարզվի, որովհետեւ չի բացառվում, որ թե ՊՆ որոշ պաշտոնատար անձինք, թե այլ կառույցների աշխատակիցներ, հնարավոր է փորձել են խոչընդոտներ ստեղծել»։

Խաչատրյանի խոսքով՝ դատարանի վճիռը հունվարի 22–ին մտել է օրինական ուժի մեջ, սակայն միայն երեկ՝ 5 ամիս անց, ՊՆ–ից կապ են հաստատել իր հետ եւ հաշվեհամար խնդրել. «Երեկ երեկոյան ժամը 18։00–ի սահմաններում ՊՆ–ից զանգահարել եւ ասել են, որպեսզի ես իրենց էլեկտրոնային հասցեի վրա դիմում ուղարկեմ, որում նշեմ այն հաշվեհամարը, որի վրա որ պետք է փոխանցվի դատարանաի որոշմամբ սահմանված գումարը։ Առավոտյան դա ուղարկել եմ եւ խնդրել եմ, որ ինձ տեղեկացնեն այն ստանալու վերաբերյալ, քիչ առաջ զանգեցին եւ ասացին, որ դիմումը ստացել են, իսկ թե երբ գումարը կփոխանցեն, որեւէ ժամկետ չի նշվել, խոսքը մոտ 14 միլիոն դրամի մասին է»։