Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, վերջերս մամուլում շրջանառվող կեղծ տեղեկություններին և հերյուրանքներին արդեն մեկ անգամ անդրադարձ կատարել եմ, բայց կանդրադառնամ ևս մեկ անգամ, քանզի հանրության շրջանակներում լայն քննարկում գտավ, չնայած դա իմ ընտանիքին է վերաբերում միայն։

Այն գումարը, որը պետությունը տրամադրել էր Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին, ես փոխանցելու եմ իմ թոռնիկներին, գումարը ավանդի տեսքով ՀՀ բանկերից մեկում է:

Ես ապրում եմ այնպես, ինչպես ապրել եմ, ու չեմ պատրաստվում շռայլություններ թույլ տալ, դա չէ, որ այսքանից հետո ինձ պետք է հետաքրքրի...

Խնդրում եմ իմ ընտանեկան և անձնական վիշտը չդարձնել իրականության հետ աղերս չունեցող, ստոր լուրերի առարկա։ Եվ թող որոշ անձինք և թվացյալ լրատվամիջոցներ չփորձեն անունս և իմ վիշտը շահարկելով ինքնահաստատվել կամ լսարան հավաքել։

Այլևս չեմ պատրաստվում անդրադարձ կատարել այս ամենին, և եթե անկեղծ՝ չէի անի, եթե նման արձագանք չլիներ... իմ մտերիմները, ինձ ճանաչողները լավ գիտեն ինձ՝ որպես անձ, և նաև լավ գիտեն, թե այսքան տարի ինչի համար եմ պայքարել... միշտ եմ պայքարելու»։