Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ հանրային ուշադրության արժանացած հերթական տեսանյութը «հեղափոխական բորշչի» մասին էր, որտեղ նա ներկայացնում էր, թե ինչ շերտեր ու տնտեսա-քաղաքական խմբեր են մասնակցել թավշյա հեղափոխության գործընթացին:

Մեծ հաշվով, Մինասյանը ներկայացնում էր այն, ինչը իհարկե չի ունեցել եւ չունի ֆորմալ արձանագրում, սակայն թերեւս պատկերացնելի է քաղաքական գործընթացներով հետաքրքրվող յուրաքանչյուր անձի համար: Բանն այն է, որ հեղափոխությունները, ժողովրդական մասնակցությունից զատ, ունենում են նաեւ մասնակիցների տնտեսա-քաղաքական բաղադրիչներ: Ընդ որում, հենց դրանից է կախված լինում այն, թե որքան է հեղափոխությունը լինում արյունով ու բարիկադներով լեցուն:

Հայաստանում տեղի է ունեցել անարյուն հեղափոխություն, ինչը վկայում է, որ այդ կետում համընկել է հասարակական-քաղաքական գործընթացների գործնականում բոլոր մասնակիցների շահը: Այդ բոլորը շահերը համընկել են այն կետի հետ, որում եղել է Նիկոլ Փաշինյանը: Ու Հայաստանում ստացվել է առանց բախումների, անարյուն հեղափոխությունը: Դա այն դեպքում, երբ մինչ այդ գործնականում հանրային ենթագիտակցությունից գիտակցության մակարդակ, խոհանոցային խոսակցությունից հրապարակային խոսակցության մակարդակ էր բարձրացել միտքը, թե առանց արյան չի փոխվի ոչինչ:

Փոխվեց, ու թերեւս ոչ միայն հայերի, այլ նաեւ Հայաստանով ու Հարավային Կովկասով հետաքրքրվող առանցքային ուժային կենտրոնների համար, որոնք, ի դեպ, եւս տեղ էին գտել Մինասյանի նկարագրած «հեղափոխական բորշչում»:

Հարցն այլ է՝ հեղափոխությունից հետո այդ շահերը սկսել են քայլ առ քայլ տարանջատվել, զատվել, ընդ որում թե ներքին, թե արտաքին բաղադրախմբերի առումով: Ու աստիճանաբար ստացվել է մի վիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության հետ մնում է մենակ: Առայժմ նրա համար բարդությունն ու խնդիրները կրիտիկականի չեն հասնում, որովհետեւ չի ձեւավորվում «այլընտրանքային բորշչ»: Ընդ որում, Միքայել Մինասյանի խոհանոցային գործողությունն այդ իմաստով, կամա թե ակամա, փաստացի ի ցույց էր դնում հենց այլընտրանքային բորշչի հավանական բաղադրիչները, որ կարող են լցվել մեկ կաթսայի մեջ:

Այլ կերպ ասած, Մինասյանը ի ցույց է դնում հեղափոխության բաժանումը կամ տարանջատումը, մի բան, որ խոշոր հաշվով առկա էր նաեւ նախորդ շաբաթ խորհրդարանում վարչապետ Փաշինյանի հայտնի ելույթում, որտեղ նա խոսում էր, թե որ ուժերը կհայտնվեն հաջորդ խորհրդարանում:

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի «դասավորում» էր հեղափոխության ուժերը, Միքայել Մինասյանը՝ «հակահեղափոխության»:

Հեղափոխության «բաժանումը» ոչ միայն օրինաչափ, տրամաբանական, օբյեկտիվ, այլ խոշոր հաշվով նաեւ անհրաժեշտ գործընթաց է: Մյուս կողմից, այն կարող է վերածվել բավական քայքայիչ երեւույթի, եթե տեղի չի ունենում ուժերի առարկայական ուրվագծմամբ, հանրությանը հասկանալի դարձնելու համար, թե ով՝ ով է:

Մեծ հաշվով, թավշյա հեղափոխությունը Հայաստանում «մերկացրեց» Սերժ Սարգսյանին, պատասխանատվության հրապարակի մեջտեղում դրեց Նիկոլ Փաշինյանին եւ օգնեց քողարկվել գործնականում մնացյալ բոլորին: Այժմ սկսում է բոլորի բացահայտման աշխույժ փուլը, որպեսզի հաջորդ խորհրդարանում չլինեն քողարկվածներ, կամ դրանք լինեն անկենսունակության աստիճանի քիչ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am