Ինչպես հայտնի է, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի այս որոշման վերաբերյալ, սակայն մինչ բողոքի քննությունը պարզ դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը վարակվել է կորոնավիրուսով։ Գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք չե՞ն փոխել բողոքարկելու որոշումը՝ նկատի ունենալով, որ Ծառուկյանը վարակված է․


«Ոչ, մինչ այդ բողոքն արդեն մուտք է արվել դատարան և վերջինիս կողմից ենթակա է քննարկման»,- պատասխանեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Աբրահամյանին հարցրինք, թե ի՞նչ պետք է լինի, եթե դատարանը բավարարի դատախազության բողոքը․ Ծառուկյանը, լինելով վարակված և ռիսկային գոտում գտնվող անձ, պետք է կալանավորվի՞, գլխավոր դատախազի խորհրդականը պատասխանեց․

«Բողոքը ներկայացված է, այն պետք է քննարկվի, դրա արդյունքում կողմերը կարտահայտեն իրենց դիրքորոշումները։ Դատարանն էլ դրա արդյունքում որոշում կընդունի»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Ծառուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դա համարում է քաղաքական հետապնդում։

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/588fcee0f28158020349de6f28104207