Ճագարների հեմոռագիկ հիվանդության մահացու վիրուսը (RHDV2) ԱՄՆ-ում արդեն հազարավոր կենդանիների է սպանել: Business Insider-ը հայտնում է, որ մի քանի անասնաբույժներ հիվանդությունն անվանում են «ճագարային Էբոլա», քանի որ վիրուսը Էբոլայի տենդի նման ախտահարում է ճագարների օրգաններն ու հյուսվածքները, ինչն առաջացնում է ներքին արյունահոսություն եւ մահվան հասցնում:

Մասնագետների խոսքով՝ կենդանիների վարակված լինելու միակ արտաքին նշանը հաճախ ի հայտ է գալիս նրանց մահվանից հետո, երբ քթից հանկարծ սկսում է արյուն հոսել:

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ապրիլից RHDV2 հիվանդության դեպքեր է հաստատել Արիզոնայում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Նեւադայում, Յուտայում, Տեխասում եւ Նյու Մեքսիկոյում:

Մասնագետների տվյալներով՝ վիրուսը տարածվում է արյան, կղանքի եւ մեզի միջոցով: Անասնաբույժների խոսքով՝ այն վտանգավորության աստիճանով գերազանցում է նոր տեսակի կորոնավիրուսը, քանի որ վարակված կենդանին 90 տոկոս դեպքերում սատկում է:

RHDV2 վիրուսը, սակայն, ըստ այսօր ունեցած տվյալների, մարդկանց, կատուներին եւ շներին վտանգ չի ներկայացնում: Բայց այն կարող է մակերեւույթներին եւ հագուստի վրա պահպանվել 3,5 ամիս:

Նշենք, որ այս վիրուսը գրանցել են նաեւ անցյալում. 2018 թվականին այն տնային ճագարների մոտ հայտնաբերել են Օհայո նահանգում, 2019-ի ամռանը՝ Վաշինգտոնում, իսկ ընթացիկ տարվա փետրվարին՝ Նյու Յորքում:

Ավելին՝ վարակման դեպքեր են գրանցել նաեւ Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Կանադայում: Իսկ առաջին անգամ այս ինֆեկցիայի մասին հայտնի է դարձել 1984 թվականին, երբ ճագարներ են հիվանդացել Չինաստանում:

Ներկայիս համաճարակը, սակայն, հարուցում է մասնագետների հատուկ տագնապը, քանի որ վիրուսն առաջին անգամ ձեռնասուն դարձված կենդանիներից անցել է վայրի ճագարներին եւ նապաստակներին: Այս վիրուսի դեմ պատվաստանյութ առայժմ չկա: