Հայկական արմատներով ամերիկյան ռեալիթի շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը թվիթերի իր միկրոբլոգում կրկին հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում:

Ավելի վաղ նա արդեն իսկ հայտարարել էր իր մտադրության մասին, սակայն Ուեսթի հայտարարությունն ուշացած է, քանի որ թեկնածուների գրանցման ժամկետն արդեն սպառվել է: Այս տարի նախագահական ընտրություններում առաջադրված են գործող նախագահ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահ դառնալու ցանկության մասին հայտնել էր իր հարցազրույցներից մեկում՝ նշելով, որ կմասնակցի 2024 թվականի ընտրություններին հանուն երկրի ազատության համար պայքարի։

ABC News-ը, հայտնելով այս մասին գրում է, թե դեռեւս հստակ չէ, թե Ուեսթն ինչպես է պատրաստվում գրանցել իր թեկնածությունը եւ հնարավոր է՝ թվիթերում այս հայտարարությունը կապված է իր նոր ալբոմը ՝ God’s Country-ն գովազդելու ցանկության հետ: