Ամեն օր հրապարակվում են կորոնավիրուսով նոր հիվանդների ու առողջացածների ցուցակներ, մենք մի հայացք ենք գցում երկնիշ-եռանիշ այդ թվերին ու մտապահում դրանք՝ ասենք, մինչեւ վաղը՝ մինչեւ նոր օրվա թվերը: Մինչդեռ այդ թվերից ամեն մեկի տակ մի առանձին-առանձնահատուկ պատմություն է՝ ոչ թե մի մարդու, այլ՝ մի ընտանիքի պատմություն, որ սկսվում է թույլ կամ ուժեղ արտահայտված ախտանիշներով, թեստ հանձնելով ու պատասխանին անհամբեր սպասելով, ընտանիքից ու աշխարհից իրեն հեռու պահելու փորձերով, պատասխանն ստանալով ու լուրը մարսելով, հարազատների անթիվ-անհամար հեռախոսազանգերով ու խորհուրդներով, անդադար ստացվող կորոնալուրերով, մտքերով, մտահոգություններով… ու պատմության երջանիկ կամ շատ ցավալի ավարտով:

Սեւան քաղաքը շուրջ մեկ ամիս փակ էր, կորոնավիրուսով վարակվածները կտրուկ շատացել էին, եւ մեր այսօրվա զրուցակիցն այդ օրերին վարակված սեւանցի Նորայրն է՝ մեկը պաշտոնապես հաստատված մեր 28 936 վարակակիր հայրենակիցներից:

«Դպրանոցում էի, դրսում գործ ունեի, անձրեւ էր, երեւի այդ ժամանակ մրսեցի, երկու օր հետո էլի սառը քամուն դրսում գործ արեցի ու երեկոյան զգացի, որ ջերմությունս բարձրացավ՝ 37.5 էր: Դե, Սեւանում վարակն այդ ժամանակ շատ էր, դիմեցի, թեստավորեցին, ու սկսեցինք սպասել պատասխանին: Ես բոլոր ցուցումները պահել էի՝ դիմակ էի դրել, մարդկանց հետ մոտիկից չէի շփվել, հաճախակի ձեռքերս էլ էի մաքրել, մեքենայիս բռնակներն էլ, ղեկն էլ, նստարաններն էլ: Չգիտեմ, երեւի, որ մրսել էի, թույլ էի, վարակն այդպես էլ կպել էր»,- պատմեց Նորայրը:

«Երբ հայտնեցին, որ վարակվել եք, ի՞նչ արեցիք»,- հարցինք: «Վատ, շատ վատ զգացի: Թվաց՝ ամեն ինչ վերջացավ, ահավոր էր»,- հիշում է: «Գլխացա՞վ էր, թուլությո՞ւն, ի՞նչ խնդիր էր»: «Չէ, ֆիզիկապես լավ էի, բայց ինձ շատ վատ էի զգում, որ նման բան էին ասել: Երեխեքն էլ մի տեսակ այնքան տխուր էին ինձ նայում: Սովորականի պես գնում-գալիս էին տանը, բայց աչքերում թախիծ կար… Հետո կամաց-կամաց մեջս ուժ գտա, որ երեխեքն այդքան չտխրեն, իրենց վատ չզգան»,- ասում է:

«Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ զգացողություններ եք ունեցել՝ հոտի, համի կորուստ, հազ»: «Չէ, ես լավ եմ եղել, համի զգացողությունը միշտ եղել է, մի հինգ օր հոտառությունս էր թույլ: Դեղորայքից նշանակել են միայն վիտամին C ու D: Ջերմությունս բարձրացել է երկու-երեք անգամ, բայց շատ-շատ վատ էի զգում, որ հիվանդացել եմ… 16 օր մեկուսացել եմ տանը՝ երեխեքիս ու կնոջս հետ. ծանր օրեր էին»:

Նորայրը դժվարանում է բացատրել, թե ինչու է այդ օրերը շատ ծանր համարում, երբ գրեթե անախտանիշ հաղթահարել է հիվանդությունը. «Ես շատ-շատ էի կարդացել այդ վիրուսի մասին: Կարդացել էի, բոլոր ցուցումները պահել էի, բայց վարակվեցի»:

«Կարծում եք՝ եթե շատ չկարդայիք, այդքան դժվար չէ՞ր լինի անցկացնել մեկուսացման օրերը»,- հետաքրքրվեցինք: «Երեւի: Ես հիշում եմ երեխեքիս աչքերը, երբ իմացան, որ վարակված եմ, տան տխրությունը»,- ասում է, ու զգում ենք, որ այդ հայացքները դեռ ծանրացած են իր սրտին:

«Լավ,16 օր տանն էիք երեխաների հետ, ինչո՞վ էիք զբաղվում»: Նա ժպտում է. «Կարդում էի կորոնավիրուսի մասին: Կինս՝ տան գործերով, երեխեքն էլ՝ իրենց համար, իրենց զբաղմունքներով, հետաքրքրություններով»: «Բայց ինչո՞ւ էլի կորոնավիրուսի մասին, առանց այդ էլ դրանից վատ էիք զգում»: «Չգիտեմ, երեւի անհանգիստ էի, ուզում էի՝ դրա մասին ամեն ինչ իմանամ»,- նորիցնժպտում է:

Շնորհակալություն ենք հայտնում Նորայրին իր դժվար օրերի մասին պատմելու ու անկեղծորեն դժվարության պատճառները փնտրելու համար: Վարակը կրելու նրա փորձը վկայում է, որ վարակի վտանգավորությունը միանշանակ չի ընկալվում. մինչ ոմանց համար դեռ կասկածելի է մնում դրա գոյությունը, այլք՝ սարսափի են մատնվում նրա ստվերից, ոմանք՝ հայտարարում են, թե այս ամենը մի մեծ քաղաքականություն է, այլք՝ ախտահանում են ձեռքերը մաշկահան անելու աստիճան:

Լուրերում, սոցիալական հոլովակներում թե հանրային տիրույթում, կարծես թե, կորցրել ենք հավասարակշռությունը: Պաշտոնական տեղեկատվությունը ոստիկանական տոնով հորդորում է դիմակ կրել, սոցիալական ցանցերում որոշ էջեր ակտիվորեն քննադատում են դիմակ դնողներին, հիվանդացած-բուժվածները խնդրում են մտերիմներին ու հրապարակավ կոչ անում ամեն ինչ անել չվարակվելու համար, որոշ երիտասարդական խմբեր էլ խրախուսում են կանխամտածված հիվանդանալ-լավանալ-պրծնել:

Փորձենք մենք առաջարկել հավասարակշիռ տարբերակ՝ հիշեցնելով, որ ցանկացած դեպքում պետք է հանգիստ լինել, քանի որ հետազոտություններն են փաստում՝ սթրեսները նպաստում են հիվանդության բարդացմանը:

Իսկ մեր բանաձեւը հնչում է այսպես. արեք ամեն ինչ այնպես, կարծես ամեն ինչ ձեզնից է կախված, եւ վստահեք բժիշկներին ու Աստծուն այնպես, կարծես ամեն ինչ նրանցից է կախված: Որ առողջ լինեք: Ամեն ինչը, հիշում եք, իհարկե՝ դիմակ, սոցիալական հեռավորություն, մաքուր ձեռքեր:

 Նյութի աղբյուրը՝ Armtimes.com