«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները դադարեցվել են, իրենց խախտված իրավունքների վերականգնման համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ է դիմել նաեւ Հրայր Թովմասյանը, ով զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից։ Նրանց շահերը կներկայացնի «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը։

Բուն հայցադիմումից բացի, նրանք դատարանին խնդրել են կիրառել հայցի միջանկյալ միջոց, որը կիրառվում է «անհետաձգելի դեպքերում»։ Այն վերջնական որոշում չէ, բայց թույլ չի տալիս տվյալ պետության իշխանություններին մինչեւ դատարանի վճռի կայացումը կտրուկ քայլեր կատարել։ Օրինակ, մարդուն պահել բանտում։ ՍԴ դատավորների դեպքում եթե միջանկյալ միջոց կիրառվի, նրանք կշարունակեն պաշտոնավարել, մինչեւ ՄԻԵԴ-ն իրենց հայցով որոշում կայացնի։ Մեր տեղեկություններով՝ երեկ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ից արդեն հարցաշար է ստացել՝ նշված դատավորների վերաբերյալ տեղեկատվության պահանջով, որից հետո կորոշեն միջանկյալ միջոցի հարցը։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է առարկել միջանկյալ միջոցի դեմ, որ դրա կիրառումը կառավարությունն անընդունելի է համարում: Միջանկյալ միջոցի որոշումը կայացվում է արագընթաց կարգով։ Թերեւս մինչեւ շաբաթվա վերջը պարզ կդառնա ՀՀ ՍԴ-ի ճակատագիրը։ ՍԴ «հեռացված» անդամներն այս օրերին դատարան չեն գնում։ Եվ այսօր նախատեսվող նիստը չի կայանա՝ քվորումի բացակայության պատճառով։ Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանն էլ արձակուրդում են։ Ալվինա Գյուլումյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց․ «Գնամ, որ Հրանտ Նազարյանի օ՞րն ընկնեմ։ Ինչո՞ւ գնամ, որ շոո՞ւ սարքեն։ Ես շոուների սիրահար չեմ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարոում։