Սպիտակ տան վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» հայտարարել են Սպիտակ տնից եւ հավելել, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագործություն և ողբերգություն է, և ԱՄՆ–ը կանգնած է հայ ժողովրդի կողքին»:

Դենվեր քաղաքի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մըքենանի անդրադարձը ակտիվորեն քննարկվել է ամերիկյան մամուլում։


Երկուշաբթի Քեյլի Մըքենանն արտաբերել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը՝ անդրադառնալով ամերիկյան Դենվեր քաղաքում վանդալիզմի թիրախ դարձած Հայոց ցեղասպանության հուշահամալրին: Այն հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ ռասայական խտրականության դեմ բողոքի ցույցերի ընթացքում:

«Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- նշել էր Սպիտակ տան մամուլի խոսնակը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւերից, որոնք անցած տարի ընդունել էին երկու պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը: Վարչակազմը 1915 թվականի իրադարձությունները Օսմանյան կայսրության տարածքում խուսափում է որակել «ցեղասպանություն»՝ ապրիլի 24-ի նախագահի տարեկան ուղերձում այս առիթով օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը:

Թուրքիան արձագանքել է Սպիտակ տան մամուլի խոսնակի խոսքերին․ պաշտոնական Անկարան լրատվամիջոցներին հայտնել է, որ Թրամփի վարչակազմի դիրքորոշումն այս հարցի շուրջ լայնորեն հայտնի է: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ անընդունելի է որակում Հայոց ցեղասպանություն եզրի օգտագործումը՝ կարծիք հայտնելով, որ մամուլի խոսնակի կողմից դրա կիրառումն իբր «լեզվի ցավալի սայթաքման արդյունք է, որը խնդրին տվել է այլ բովանդակություն»:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ֆեյսբուքյան իր գրառման մեջ մեկնաբանել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի շուրջ զարգացումները՝ մատնանշելով ՀՀ ԱԳՆ-ի նախկինում արած մեկնաբանությունն այս առիթով: ՀՀ դեսպանությունը շեշտել է նաև, որ Հայաստանը գնահատում է Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունն այս հարցի նկատմամբ:

Ամերիկահայ կազմակերպությունները ևս արձագանքել են մամուլի խոսնակի խոսքերին: Ամերիկայի հայկական համագումարը մամուլի միջոցով երախտագիտություն է հայտնել վարչակազմին Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիշատակելու համար, իսկ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Մըքենանի մեկնաբանությունը կարող է առաջին քայլը հանդիսանալ դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների բոլոր մարմինների կողմից: