Կառավարության արտահերթ նիստին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրեց ներկայացնել՝ ինչ է տեղի ունեցել երեկ հայ-ադրբեջանական սահմանին՝ Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական սահմանային դիրքերի մոտ և ինչպիսին է իրավիճակը հիմա։ Դավիթ Տոնոյանն ասաց․

«Երեկ 12․ 30 մեր դիրքերից մեկին մոտենում է «Ուազ» ավտոմեքենա, որից զինծառայողները դուրս են գալիս և շարժվում դեպի մեր դիրքը։ Շատ կարևոր է, որ իմանան․ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ անմիջապես ՀՀ սահմանի վրա։ Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելուց ստանում են հրահանգ՝ հաշվի առնելով, որ հնարավոր է՝ ադրբեջանական զինծառողները մոլորված լինեին կամ աշխարհագրությանն ու օպերատիվ իրավիճակին չտիրապետին, կոչ անել՝ լքել տարածքը։ Որը և իրականացվում է․ թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 միլիմետրանոց ականանետներով հրետակոծություն դեպի նույն դիրքը։ Ինչպես նաև մարտական խմբերի շարժ՝ դեպի էդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով։ Հակառակորդը կրելով կորուստներ՝ նահանջել է»։
Նույն սցենարով, տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ՝ 15-20 րոպեն հրետակոծությունները վերսկսվում են։ Դադարը եղել է ժամը 3 անց կեսից մինչև հինգն անց կես։ Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են և լռեցվում են դիպուկահար կրակով, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ։
Մեր Զինված ուժերը և համապատասխան ստորաբաժանումները շարունակում են սահմանի պահպանությունը։
Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է և կառավարվում է»։


Նիկոլ Փաշինյանը ՝ հարցրեց, թե հնարավո՞ր է, որ ադրբեջանցիները ուզում էին վերադարձնել մեքենան։ Դավիթ Տոնոյանն ասաց, որ եթե նման բան լիներ, ապա նրանք կապի դուրս կգային և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որ որ մեքենան վերադարձվի, սակայն նրանք գնացել են ու անմիջապես հետո սկսվել է հրետակոծությունը։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ զեկուցեց, որ երեկ գիշերվանից մշտական կապի մեջ է ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, դրան զուգահեռ կապի մեջ են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և անդամ պետությունների հետ

Աղբյուր՝ https://hraparak.am/post/97f7437a403729975ccee678ef2cf317