Սահմանամերձ Մովսես գյուղի քահանա տեր Աբել քահանա Քարտաշյանը ֆեյսբուքյան միացմամբ ասաց, որ ադրբեջանական կողմի կրակոցներից բնակչությանը ոչինչ չի պատահել.

«Մերոնք շատ ձիգ են, շատ պատասխանատու եւ շատ կոնկրետ քայլերի միջոցառումներ են ձեռնարկվել, որ սսկեցնեն հակառակորդին: Ամբողջ գիշերվա ընթացքում կես ժամը մեկ, մի ժամը մեկ կրակոցներ են եղել, ու առավոտյան կողմ ավելի են ակտիվացել:

Մերոնք շատ վճռական են ու շատ ուժեղ, որովհետեւ մենք մեր դիրքերին նայում ենք խաչով: Առանց աղոթքի ոչինչ չի արվում, եւ այս խաչքարը տեղադրված է այստեղ՝ որպես սահման հավատքի, սահման հայրենիքի եւ սահման քաջերի, այստեղ բնակվում են քաջեր:

Խնդրում եմ մեր մասին չմտածեք, ամեն ինչ շատ լավ է, մեր տղաները շատ պատասխանատու ձեւով են իրենց պահում եւ մենք այսօր միասնական աղոթքը պետք է նորից հնչեցնենք, իմ սիրելի քույրեր եւ եղբայրներ»: Հոգեւորականը վստահեցրեց, որ գյուղում ամեն ինչ խաղաղ է, խոստացավ, որ երբ այս օրերը անցնեն, կբացատրի, թե ինչով է պայմանավորված հանգստությունը, նաեւ հավելեց. «Բայց թող չհանգստանան այն մարդիկ, որոնք պետք է անհանգստանային»:

Հոգեւորականը իր աղոթքը սկսեց տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց. «Ինչպես միշտ ասել եմ՝ խաչը, զենքը եւ բահը մեր ձեռքից չենք դնում, եթե խաղաղ պահեր են, բահն ենք օգտագործում, բահը դրեցինք, զենքն ենք վերցնում, զենքը դրեցինք, աղոթք ենք անում եւ շնորհակալություն հայտնում Աստծուն, որ մեզ պարգեւում է խաղաղություն, որովհետեւ մարդկանց, պետությունների միջեւ տեղ գտած բոլոր խաղաղությունները անցողիկ են, իսկ այն խաղաղությունը, որը պարգեւում է Աստված հավիտենական է»: