ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին խորապես մտահոգել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է նրա մամուլի խոսնակը՝ Ստեֆան Դյուժարիկը։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է ՄԱԿ-ի կայքում։ «Գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, միջոցներ ձեռնարկել իրավիճակի մեղման ուղղությամբ և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից: Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով փոխհրաձգությունների, այդ թվում ծանր սպառազինության կիրառման մասին տեղեկատվությամբ, որը հանգեցրել է զոհերի»,- գրել է Դյուժարիկը։