Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչների բողոքի ակցիան արդեն դադարել է: Այս մասին  ասաց Եղեգնուտ համայնքի բնակիչ Հովհաննես Ներսիսյանը:

Բողոքի ակցիան դադարել է այն բանից հետո, երբ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանի մեկ շաբաթ առաջ Վարչական դատարան ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել:


«Ռազմիկ Մկրտչյանը դիմել է դատարան՝ առոչինչ ճանաչել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի այն որոշումը, ըստ որի պետք է նախկին գյուղապետը նորից վերընտրվեր իր նախկին պաշտոնին։ Դատական նիստի օրն արդեն նշանակվել է. նիստը կկայանա օգոստոսի 31-ին: Դա ժողովրդին գոհացրեց, շնորհավորեցինք միմյանց եւ ակցիան դադարեցրինք»,- ասաց բնակիչը:

Համբարձում Մաթեւոսյանը NEWS.am-ի զրույցում ասաց, որ այս պահին համայնքում իրավիճակը խաղաղ է:

«Եղեգնուտում կան բազմաթիվ ծրագրեր եւ դրան պետք է իրականացվեն, իսկ այս ամբողջ պրոցեսը խանգարում է դրանց իրականացմանը: Այս պահին բավական լարված իրավիճակ է թե´ սահմանում, թե´ համաճարակով պայմանավորված, ինչը շատ վտանգավոր է: Իմ հորդորը հետեւյալն է՝ կայացնենք դատարանի վճիռը, իրականացնենք ծրագրված աշխատանքները, համայնքն ունենա ճանապարհ, ոռոգման եւ խմելու ջուր, լուսավորություն եւ մեկ տարի անց լինեն հերթական կամ արտահերթ ընտրություններ եւ համայնքի նախընտրած թեկնածուն ընտրվի համայնքապետ, սա է միակ լուծումը»,- ասաց մարզպետը: