Հակառակորդի «Elbit Hermes 900» մոդելի իսրայելական մարտավարական խոշոր անօդաչու թռչող սարքը ՀՀ Զինված ուժերի կողմից խոցվել է «ОСА АКМ» արդիականացված համալիրով։ Այս ԱԹՍ-ի խոցումն ըստ փորձագետների աննախադեպ է, քանի որ այն անորսալի է համարվում եւ դրա գինը հասնում է 30 մլն դոլարի։ ԱԹՍ-ն ունի մոդուլային կառուցվածք, ինչը թույլ է տալիս արագ փոխել նրա վրա տեղադրված հիմնական սարքավորումները։ Կառավարումը կատարվում է արբանյակային կապի միջոցով վերգետնյա կառավարման կենտրոնից։

Ներկա դրությամբ Հայաստանն օդային ավելի մեծ գերակայություն ունի, քան Ադրբեջանը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը։

- Պարոն Գրիգորյան, երեկ ՀՀ Զինված ուժերին հաջողվեց ոչնչացնել հառակորդի անորսալի համարվող «Elbit Hermes 900» մոդելի իսրայելական անօդաչու թռչող սարքը։ Այս սարքն ի՞նչ հնարավորություններ ունի եւ արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ դրա գինը հասնում է 30 մլն դոլարի։

- Այդ անօդաչու թռչող իսրայելական սարքը կարելի է ասել ամերիկյան սարքի պատճեն է։ Գինը շուկայում մոտավոր տատանվում է 30 մլն դոլարի սահմաններում։ Մարդիկ կային «ОСА АК» զինատեսակը մետաղի ջարդոն էին համարում, փաստացի սարքն իրեն փայլուն ցույց տվեց ոչ միայն Արցախում այլեւ Շամշադինի ուղղությամբ։

- Որքանո՞վ է Զինված ուժերի կողմից այդ ԱԹՍ-ի խոցումն աննախադեպ։

- Չեմ կարող ասել, թե տվյալ ԱԹՍ-ն, ինչ մարտական գործողության ժամանակ է մինչ այս կիրառվել կամ փորձ արվել է խոցել, թե՝ ոչ, բայց այս պահին պաշտոնապես միայն մենք ենք խոցել։ Փաստացի մենք ապացուցեցինք, որ նույնիսկ «մետաղի ջարդոնով» կարողանում ենք խոցել Իսրայելի կողմից գովազդվող անխոցելի եւ անորսալի ԱԹՍ-երը։

- Փաստորեն սա այն նույն «ОСА АКМ» արդիականացված համալիրն է, որի մասին խոսելիս որոշ «գործիչներ» այն համարում էին անպե՞տք։

- Այո՛, նախկին Կառավարությունն էլ ժամանակին փորձեց գնել այդ «ОСА АК»-ները ավելի վատ վիճակում, բայց չէր ստացվել իրենց մոտ։ Իսկ հիմա, երբ նոր Կառավարությունը գնել էր, փորձում էին ցեխ շպրտել՝ ասելով, թե դա մետաղի ջարդոն է, 80-ականների կամ ավելի հին զենք է։ Բայց փաստացի մեր արդիականացրած տարբերակը լավ էլ գործում է, լավ էլ անօդաչուներ է կարողանում որսալ։

- Բացի այս ԱԹՍ-ից հաջողվել է խոցել եւս 12 հատ, տեղեկություն ունեք մնացածը որակապես եւ գնային առումով որքանո՞վ էին ուժեղ. դրանք էլ ե՞ն «ОСА АКМ» համալիրով խոցվել։

- Դրան միանշանակ պատասխան չեմ կարող տալ, քանի դեռ մեր գերատեսչությունների կողմից պաշտոնապես չի հայտարարվել։ Եթե մենք ուսումնասիրենք Ադրբեջանի ռազմական տեխնիկան, կտեսնենք, թե ինչ անօդաչուներ ունեն։ Հիմնականում իսրայելական կամ Իսրայելի հետ համատեղ իրենց արտադրած նույն կրկնօրինակներն են։ Այդ ԱԹՍ-երի մեծ մասը հետախուզահարվածային են։ Մեր կողմից խոցվածների մեծ մասը իմ կարծիքով հետախուզական են, չնայած հետախուզահարվածային եւս խոցել ենք։ Սա ապացույց է, որ մեր օդը պաշտպանված է։

- Այս պահին երկու կողմից կիրառվող զինատեսակներն իրար համարժե՞ք են որակական առումով։

- Եթե մի կողմը հարձակողական զենք է գնում, մյուս կողմը փորձում է պաշտպանողական զենք գնել։ Ցամաքային գործողություններ, զորքերի տեղաշարժ մասշտաբային չի եղել եւ տանկերը նույնիսկ կրակային դիրքերից են կրակել։ Այդ առումով ինչ ունեն իրենք՝ նույնը ունենք մենք, նույն հրետանին, նույն հրթիռահրետանային միջոցները։ Մեր տեղական արտադրության ԱԹՍ-երն էլ փայլուն գործեցին, ինչի վառ ապացույցներն են ինչպես տարածված տեսանյութերը, այնպես էլ գերատեսչության հաղորդագրությունները։ Չի բացառվում, որ ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովը սպանվել է հայկական ԱԹՍ-ի հարվածից։ Մեր Զինված ուժերը հարաբերակցությունը պահում է։ Ներկա դրությամբ մենք օդային ավելի մեծ գերակայություն ունենք, քան իրենք, չնայած, որ իրենց ԱԹՍ-երը քանակով ավելի շատ են կամ գովազդված երկրներից գնված են, իսկ մերը հիմնականում տեղական արտադրության են։

- Ըստ ձեզ, Ադրբեջանն իր պոտենցիալի քանի՞ տոկոսն է օգտագործել այս մարտերում:

- Նրանք իրենց Զինված ուժերը չեն էլ կիրառել կամ, եթե կիրառել են՝ միայն տանկային ստորաբաժանումները։ Իմ կարծիքով հիմնականում այդ ուղղությամբ իրենց սահմանապահ զորքերն էին գործում։ Նրանց սահմանապահ զորքերը մեր զորքերի համեմատ այլ բնույթի են։ Իրենց սահմանապահ զորքերն ավելի մոտեցված են ԶՈՒ-երի ստորաբաժանումներին՝ իրենց ունեցած տեխնիկայով եւ հրետանային միջոցներով։ Քանի որ այդ ուղղության պատասխանատուն իրենց 3-րդ բանակային կորպուսն է, դրա համար իրենց բանակային կորպուսի շտաբի պետը տվյալ ժամանակ գտնվել է այն տեղում, որտեղ խոցվել է։ Ճիշտ է՝ ԶՈՒ-երից էլ ներգրավվածություն եղել է, բայց հիմնականում երեւի թե սահմանապահ ուժերի միջոցով է գործողություններ կատարվել։ Տոկոսային գնահատական այս առումով դժվար է տալ։

- Պարո՛ն Գրիգորյան, ելնելով դեպքերից եւ կիրառվող զինատեսակներից, կարո՞ղ ենք ասել, որ այս գործողությունները ոչ այնքան առաջնագծում են տեղի ունենում, որքան թիկունքում՝ հաշվի առնելով, որ հիմնականում հրետանային զինատեսակներ են օգտագործվում։

- Ինչպես տեսնում ենք ժամանակակից մարտական գործողություններն իրենց բնույթով փոխվել են ընդհանրապես։ Նույն օդային գերակայությունից ելնելով շատ տարածված են ԱԹՍ-երը՝ հիմնականում հարվածայինները. հիմնականում հեռահար կրակային միջոցներով են փորձել։ Ճիշտ է հրաձգային զենքերը գործել են, բայց հրետանին բնականաբար հեռահար կրակային միջոց է, որով փորձել են խնդիրներ լուծել, եթե հաջողության հասնեին հետո արդեն իմ կարծիքով կկիրառեին իրենց համազորային ստորաբաժանումները։

- Կարծես երեկ գիշերվանից իրավիճակը հանգիստ է, ինչո՞վ է սա պայմանավորված, հակառակորդը հասկացե՞լ է, որ քայլ անելու դեպքում ավելի մեծ վնասներ է կրում, թե մարտավարական փոփոխություն է սա։

- Մենք շատ դեպքեր ենք ունեցել, երբ հարաբերական անդորրը խախտվել է թեկուզ փոքրիկ գործողություններով։ Դրա համար մեր բանակը պետք է աչալուրջ լինի։ Տարիների ընթացքում հակառակորդն ինչ գործողություն կատարել է, դրանից կրկնակի կամ եռակի կորուստներ է կրել։ Բնականաբար իրենց ռազմաքաղաքական ղեկավարության համար մարդկային կյանքը նշանակություն չունի։

 Նյութի աղբյուրը՝ armtimes.com