Change.org կայքում ստորագրություն են հավաքում պահանջելով, որպեսզի հայազգի ռուսաստանաբնակ լրագրող, «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը փոխի ազգանունը։ Ստորագրահավաքին մասնակցել է շուրջ 10300 մարդ։ Ստորագրահավաքի տեքստում, մասնավորապես, նշված է


«Մարգարիտա, փոխիր ազգանունդ,

Հաշվի առնելով, որ Մարգարիտա Սիմոնյանը իր հայկական արմատների մասին հիշում և դրանց մասին հիշատակումը օգտագործում է բացառապես այն դեպքերում, երբ փորձում է վնասել Հայաստանի շահերին, պահանջում ենք նրան փոխել ազգանունը (հեռացնել «յանը») և այլևս երբեք չփորձել ասոցացվել Հայաստանի և հայերի հետ։ Մեզ համար մեր երկրի և ժողովրդի իմիջը կարևոր է, իսկ Մարգարիտա Սիմոնյանը ակնհայտորեն փչացնում է այն։ Խնդրում ենք ստորագրելուց բացի նաև կիսվել սոցիալական ցանցերում։ Կիսվելիս պարտադիր տեղադրեք նաև այս հայերեն տեքստը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ իշխանություններին՝ ասելով, թե Ռուսաստանը լիարժեք բարոյական իրավունք ունի թքելու նրանց վրա․ «Ձեզ նայեք կողքից: Տեսեք, թե ինչ եք անում: Ինչպես եք ձեզ տեսնում: Դուք ի՞նչ հայեր եք: Հայերը ազնիվ, ազնվաբարո եւ վեհանձն ժողովուրդ են: Միշտ այդպիսին են եղել: Իսկ դուք ձեզ պահում եք ինչպես (ԱՐԳԵԼՎԱԾ Է ՌՈՍԿՈՄՆԱԴԶՈՐԻ ԿՈՂՄԻՑ): Ի պատասխան բազմամյա բարու եւ պաշտպանության, որոնք դուք ստացել եք Ռուսաստանից, դուք Ղրիմը չճանաչեցիք: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է»,- գրել է նա: Սիմոնյանի խոսքով՝ վերջին տարիների վերաբերմունքից հետո արդյոք Հայաստանի իշխանությունները իրավունք ունեն օգնություն սպասել Ռուսաստանից։