«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտից 3 անձ բերվել է Ոստիկանության բաժին։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից։ «Մոտ 15 րոպե առաջ 3 անձ բերվել է ոստիկանություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Այլ մանրամասներ առայժմ չենք կարող հայտնել»,- ասաց Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նշենք, որ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը տեղեկացրել էր Երևանի թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարության մասին: Մանկապարտեզի տնօրինությունը փորձել էր ցանկապատել հաստատության տարածքը, սակայն հարևանությամբ գործող կրթահամալիրի սաները կենդանի պատ էին կազմել՝ արգելելով տարածքի ցանկապատումը։