Ազգային ժողովում բուհ չընդունված դիմորդների վերաբերյալ քննարկումն ավարտվել է, որեւէ որոշում չի կայացվել, քանի որ որոշում կայացնող մարմնի ներկայացուցիչը՝ նախարարի կամ փոխնախարարի մակարդակով ներկա չի եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ԱԺ-ի մյոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Ներկա է եղել միայն վարչության պետը, ով կարող էր տալ միայն այնպիսի մեկնաբանություններ, որոնք կան լրատվամիջոցներում:

«Երեք խմբակցության պատգամավորների մտահոգությունն այն է, որ ինչպես կարելի է ցածր միավորներ հավաքած դիմորդը առավելություն ունենա, քան բարձր միավորներ հավաքածը: Ակնհայտ է՝ գիտելիքը ստորադասվում է շատ թույլ հիմնավորմամբ, թե առաջին հայտով դիմողներն իրենց մասնագիտության ընտրության հարցում շատ հստակ որոշում են կայացրել: Կոնկրետ իմ պնդումը այն է, որ 16-17 տարեկան երեխան չեմ կարծում, որ այդքան հստակ կողմնորոշում եւ դիրքորոշում ունենա իր մասնագիտության ընտրության հարցում, որ կարողանա առաջնահերթություններ դնել: Միգուցե կարողանա, չեմ բացառում, ես չեմ ուզում նսեմացնել երեխաների կամքը, բայց պետք է նաեւ հաշվի առնենք, որ գնահատում ենք գիտելիքը»,-ասաց Կոստանյանը:

Նա ընդգծեց, որ ԿԳՄՍՆ-ն որեւէ լուծում չի առաջարկել. «Իսկ մենք ակնկալում էինք գոնե լուծման հնարավոր տարբերակներով կգային: Մենք տվեցինք մեր առաջարկները, որ այս երեխաներին հնարավորություն տրվի սովորելու եւ առաջին սեմեստրի ընթացքում ապացուցելու, որ իրենք արժանի են լինելու ուսանող: Եթե ոչ, ֆիլտրվեն»,-ասաց ԼՀԿ պատգամավորը՝ տեղեկացնելով, որ ԱԺ երեք խմբակցություններն էլ մասնակցել են քննարկմանը եւ երեք խմբակցություններն էլ կողմ են եղել, որ դիմորդներին սովորելու հնարավորություն տրվի:

Կոստանյանը ներկայացրեց, որ կան մի քանի տարբերակներ․ օրինակ՝ այլ բուհ դիմեն կամ մարզի դիմորդները մնան մարզային բուհերում, սակայն դա, ըստ նրա, այդքան էլ հաստատուն թեզ չէ:

Այս պահին դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա են անում Ազգային ժողովի մոտ: Նրանք մտադիր են շարժվել դեպի ԿԳՄՍ նախարարության շենք՝ հանդիպելու նախարարի հետ։

Եթե իրենց պահանջները չկատարվեն, պահանջելու են նախարարի հրաժարականը։

Հիշեցնենք, որ երեկ բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողներն ակցիա արեցին նախ ԳԹԿ-ի դիմաց, ապա՝ դարձյալ ԱԺ-ի։ Նրանք նաև նամակ հանձնեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ բարձր միավորներ հավաքած դիմորդները չեն ընդունվել բուհ, քանի որ առաջին հայտով լրացված բաժիններում տեղ չի եղել և չի թույլատրվել նույնիսկ մյուս հայտերով ընդունվել: Նրանց առաջարկն է տեղեր ավելացնել բարձր բալեր ստացած դիմորդների համար: