2020թ․ սեպտեմբերի 1-ից երեխաները դպրոց կգնան։ Այս մասին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնապես ասաց Հ1-ի եթերում՝ իհարկե ավելացնելով, եթե համաճարակը նոր բռնկում չունենա, իսկ եթե անգամ շարունակվի, ապա իրենք էլի հակված են, որ դպրոցներն ու բուհերը բացվեն՝ անվտանգության որոշ կանոններով։ Հարցազրույցի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց, որ երբեք չի հասկացել, թե ինչու է Հայ եկեղեցու պատմությունը առանձնացվում Հայոց պատմությունից։

«Ինքս Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց դեմ եմ անհարկի կրոնապաշտությանը։ Քրիստոնեությունն, այո, մեզ համար ազգային կրոն է դարձել, բայց մենք ունեցել ենք նաև Հեթանոսություն, որը ևս ազգային նշանակություն է ունեցել։ Կարծում եմ, որ կրոնի դասավանդումը պետք է տեղավորվի պատմության դասագրքերում, իսկ կրոնի քարոզչությունը դպրոցից պետք է հանել՝ խիստ արգելելով հատկապես աղանդավորների մուտքը դպրոց, իսկ հատուկ միջոցառումներին, իհարկե, քահանայի ներկայությունը ցանկալի է։ Ուսուցչին կտրվի ստեղծագործելու և ազատությունների որոշակի հնարավորություններ։ Մեր նպատակն է դաստիարակել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը, դուրս գալով դպրոցից, լինելու է հմտություններով և գիտելիքով զինված, կարողանալու է քննադատել և վերլուծել»,- ասել է նախարարը: